Պատերազմի մասնակիցներն աշխատանքի կտեղավորվեն. Մեկնարկում է պետական աջակցության ծրագիրը

Պետական ծրագրով պատերազմի մասնակիցները աջակցություն կստանան աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագիրը ՀՀ կառավարության նիստում հաստատված է և շահառուներն արդեն կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ աշխատանք է տարվելու երկու ուղղությամբ՝ պատերազմի մասնակից շահառուներ և գործատուներ:


«Մի կողմից պետք է գործատուների հետ աշխատանք տարվի` իրազեկելու, թափուր աշխատատեղերն առանձնացնելու ուղղությամբ, մյուս կողմից պետք է գնահատվեն պատերազմի մասնակից շահառուների կարիքները, անհրաժեշտության դեպքում` ուղղորդվեն»,- ասաց Ժորա Սարգսյանը:

Աջակցություն տրամադրվելու է և՛ պատերազմի մասնակից շահառուին, և՛ գործատուին: Վերջինս մասնակցության համար ներկայացնում է հայտ՝ աշխատանքի թափուր տեղ ունենալու պայմանով: Միասնական սոցիալական ծառայությունն աշխատանք փնտրողների ցանկից գործատուների համար առանձնացնում է շահառուներին: Եթե շահառուի վերապատրաստման անհրաժեշտություն կա, ապա պետության ֆինանսավորմամբ այդ գործընթացը կազմակերպվում է: Այստեղ գործատուն ունի ընտրության հնարավորություն. եթե ինքն ունի ուսումնական կենտրոն, ապա կարող է ուսուցումն անցկացնել իր մոտ, եթե ոչ, ապա կարող է ուղղորդել որևէ այլ ուսումնական կենտրոն: Հակառակ պարագայում՝ Միասնական սոցիալական ծառայությունն ինքն ընտրություն կկատարի:

Այստեղ առաջարկվում են փոխհատուցման հետևյալ չափերը. ուսուցման ամբողջ ժամանակահատվածի համար մինչև 5 ամիս տևողությամբ ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական կտրվածքով, առավելագույնը 50 000 ՀՀ դրամի չափով: Դրանից բացի, շահառուին կտրամադրվի կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, որպեսզի սովորելու ընթացքում կարողանա հոգալ իր ծախսերը: Մասնագիտական ուսուցման գործընթացն անցնելուց հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ 1 տարի ժամկետով, և ամսական կտրվածքով գործատուին առաջարկվում է տրամադրել առավելագույնը 50 000 ՀՀ դրամ՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումների համար:

Հաջորդ տարբերակն այն է, որ շահառուն ուսուցման կարիք չունի և մի քանի ամիս պրակտիկան բավարար է: Փորձաշրջանի դեպքում առաջարկվում է գործատուին փոխհատուցում տրամադրել շահառուի աշխատավարձի վճարման համար նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս տևողությամբ, և շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկային վճարումները փոխհատուցելու համար՝ 3 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 ՀՀ դրամի չափով և 9 ամիս ժամկետով՝ առավելագույնը 50. 000 ՀՀ դրամի չափով:

Եվ եթե շահառուն ոչ ուսուցման, ոչ պրակտիկայի կարիք չունի ու կարող է հենց սկզբից աշխատանքի տեղավորվել, ապա առաջարկվում է գործատուին տրամադրել 300 000 ՀՀ դրամի չափով միանվագ փոխհատուցում, եթե վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով կկնքի աշխատանքային պայմանագիր շահառուի հետ:

Ժորա Սարգսյանը նշեց, որ առավելություն կամ սահմանափակում որևէ ոլորտի չի տրվելու: Որ ոլորտից եղան թափուր աշխատատեղերի հայտեր, այդ ուղղությամբ էլ աշխատանք կտարվի: Ամեն դեպքում, աշխատողների պահանջարկ կա տեղեկատվական տեխնոլոգիաների, ծառայությունների, վաճառքի, մարկետինգի ոլորտներում:

«Մինչև տարեվերջ նախնական նախատեսվել է 200 շահառուի համար իրականացնել ծրագիրը: Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ երբ տեսնենք պահանջարկի ավելացում, ապա շատ արագ վերաբաշխում կկատարենք: Այսինքն, որևէ մարդ, որը ցանկանում է մասնակցել, դուրս չի մնա տեղերի սահմանափակ լինելու կամ ֆինանսավորման պակասի պատճառով: Մենք ակնկալում ենք ավելի շատ շահառուների համար իրականացնել ծրագիրը»,- ասաց Ժորա Սարգսյանը: