Սյունիքի մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբն այցելել է մարզի սահմանային գյուղեր

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի սահմանին հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը եւ տարածքները ճշգրտելու, ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմաններն ուսումնասիրելու նատակով։  «Արմենպրես»ի հաղորդմամբ, Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ աշխատանքային խմբի ղեկավարն է մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, անդամներն են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓ վարչության, մարզի համայնքների  ներկայացուցիչները, մարզպետարանի հողաշինության ու գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները։ Խմբի աշխատանքներում ներգրավված են նաև մարզի սահմանամերձ բնակավայրերի  վարչական ղեկավարները, որոնք եւ պետք է ապահովեն բնակիչների իրազեկումը կատարված աշխատանքների մասին:

Ապրիլի 5-ից աշխատանքային խումբն արդեն սկսել է այցը մարզի սահմանային բնակավայրեր, աշխատել Վաղատուր, Խոզնավար, Խնածախ, Քարաշեն, Արավուս, Տեղ,  Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ  գյուղերում, աշխատանքային ծանրաբեռնվածության թույլտվության դեպքում միանում նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը (Տեղում, Կոռնիձորում)։

Մարզպետը, խմբի ղեկավար փոխմարզպետն ու անդամները հանդիպում են բնակիչների հետ, լսում նրանց, քննարկում խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են արոտավայրերին, սահմանների ճշգրտմանը, ապօրինի զենք-զինամթերքի հավաքման կարեւորությանը, այդ գյուղի դիրքերում տվյալ գյուղի բնակիչներին որպես պայմանագրային զինծառայող ընդգրկելու հարցին, որը դեռ օրենսդրական կարգավորումերի կարիք ունի։ 

Այնուհետեւ 1-ին բանակային կորպուսի ներկայացուցիչների, վարչական ղեկավարի, գյուղի մի քանի տարեցների հետ շրջում են սահմանային տարածքներով՝ նոր սահամանանիշերն ու գյուղի վարչական տարածքները ճշգրտելու համար, արձանագրում այն գիծը, որի մասին պետք է տեղեկացվեն բնակիչները,  այն չհատելու, մասնավորապես, անասուններին դրանից այն կողմ չանցկացնելու, գյուղատնտեսական գործունեություն չծավալելու համար։  Արոտավայրեր ու վարելահողեր կորցրած գյուղացիները գյուղի պահուստային հողերից հնարավորինս ապահովվում են այլընտրանքային հողերով։ 

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպումների ժամանակ գյուղացիները նաեւ գարնանացան սերմերի, վառելիքի, պարարտանյութերի, ոռոգման ու խմելու ջրի,  ֆինանսական աջակցության հետ կապված հարցեր են բարձրացրել։

Այս տարի Սյունիքի մարզում կառավարությունը 50 տոկոսով սուբսիդավորել է հացահատիկային մշակաբույսերի սերմացուի գումարը:

Առաջիկա օրերին այցերը կշարունակվեն, խումբը կշարունակի աշխատանքը Գորիսի տարածաշրջանի մյուս սահմանային գյուղերում, այնուհետեւ կլինի  Կապանի եւ Մեղրու գյուղերում։