Ռոհանին Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել ԼՂ գոտում կրակի դադարի համաձայնությանը

Իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլը տեղեկացնում է, որ երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, փոխանակվել տեսակետներով:

«Վլադիմիր Պուտինն Իրանի իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության թոթափման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքներով ձեռք վերված պայմանավորվածություններին՝ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում: