«Իլհամ Ալիևին պարտավոր էին արձագանքել թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանական ընդդիմությունը». Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի` CNN Turk-ին տված հարցազրույցը: Ո՞րն էր Իլհամ Ալիևի հիմնական ասելիքը:

– Ադրբեջանի հռետորաբանության ու վարած քաղաքականության մեջ ոչ մի բովանդակային, խորքային փոփոխություն չկա, նրանք շարունակում են իրենց վերջին 20 տարվա քաղաքականությունը, բայց արդեն՝ բաղադրիչների հստակեցմամբ:

Մեզ թվում է, թե այս պահին փոփոխվել է նրանց քաղաքականությունը, բայց ոչ: Ժամանակին, երբ նրանք ասում էին, թե Սյունիքը, Սևանը, Երևանն իրենցն են, մենք ծիծաղում էինք, ասում էինք՝ ոչխար են, զառանցում են, բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը հետևողականորեն կյանքի է կոչում իր ծրագրերը՝ Թուրքիայի հետ համատեղ:

Հիմա էլ հարաբերությունները կարգավորելու համար առաջարկում են Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, ցեղասպանության օրակարգից հրաժարում և անուղղակի կամ ուղղակի կերպով Կարսի պայմանագրի ճանաչում: Սա եղել է թուրք-ադրբեջանական տանդեմի անփոփոխ ու մշտական ծրագիրը: Նույնիսկ Սյունիքի միջանցքի գաղափարը նոր չէ: ԽՍՀՄ-ի ժամանակ դեռ Ադրբեջանի ղեկավարը մշտապես դիմել է Կարեն Դեմիրճյանին և խնդրել միջանցք տալ: Հետևաբար, որևէ նորություն չկա` այդ մարդիկ իրականացնում են ռազմավարական ծրագիր:

– Այդ հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևն ասաց, որ սեղանին դրված է հստակ փաստաթուղթ, որի ստորագրումից եթե «Հայաստանը հրաժարվի՝ շատ կզղջա»: Կարծում եք՝ այդ փաստաթուղթը, այսպես կոչված, խաղաղության պայմանագի՞րն է, և իսկապես դա օրակարգո՞ւմ է, թե՞ Ադրբեջանի նախագահը ստում է: Սահմանային այս միջադեպերը ճնշման փորձե՞ր են, որ Հայաստանը չհրաժարվի այն ստորագրելուց:

– Սահմանային լարումները մշտապես եղել են ճնշում գործադրելու և առավելագույնը կորզելու գործիքակազմի միջոց: Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, բայց հաստատ է մի բան, որ այդ փաստաթղթում չի կարող լինել մի կետ, որը լինի ոչ թե հայանպաստ, այլ գոնե չեզոք, դա լինելու է ադրբեջանա-թուրքական հստակ փաստաթուղթ, և դա այնքանով կարող է հայկական լինել, որքանով ինչ-որ չափով կսպասարկի Ռուսաստանի շահերը, որոնք անուղղակի կերպով կբխեն նաև Հայաստանի շահերից:

Բնականաբար առաջին կետը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը, երկրորդը՝ միջանցքը, երրորդը՝ անկլավները, իսկ չորրորդը՝ գուցե անուղղակի կերպով, մեր բանակի կազմաքանդմանն ուղղված ինչ-որ մի կետ, որովհետև փաստացի տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ փաստաթղթից հետո անհասկանալի կերպով կազմաքանդվում է բանակը, իսկ դա, որպես կանոն, լինում է, երբ պետությունները կապիտուլյացիայի են ենթարկվում, և կապիտուլյացիայի ենթարկող պետությունը՝ հավելյալ երաշխիք ունենալու համար, մշտապես գնում է բանակի կազմաքանդմանն ու վերացմանը, որպեսզի իշխանափոխությունից հետո տվյալ պետությունն ի զորու չլինի ինչ-որ բան պահանջելու:

Պարո՛ն Պետրոսյան, ստեղծված իրավիճակու Հայաստանը շանսեր ունի՞ այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից հրաժարվելու:

– Հայաստանը ոչ թե շանսեր ունի, այլ պետք է հրաժարվի, որովհետև, կարծում եմ՝ իշխանությունն էլ այս պահին զգում է, որ ինքն ինչ-որ չափով խաբված է, և չկան բարեկամական հարաբերություններ: Եթե ժամանակին փորձում էին պայմանավորվածությունների միջոցով գնալ բարեկամության և հարաբերությունների կարգավորման, ապա հիմա տեսնում են, որ դա իրականության հետ որևէ կապ չունի: Բայց եթե իշխանությունն ինչ-որ մի կերպ ստորագրեց այդ պայմանագիրը՝ ակնկալելով Թուրքիայի հետ բարեկամություն, դա կլինի մեր պետության ու պետականության վերջը:

Հետևաբար այստեղ հնարավորության կամ այլնի մասին չէ խոսքը, պետք է մտածել՝ ուզո՞ւմ եք ունենալ պետականություն, թե՞ ոչ: Եթե հրաժարվելու պարագայում վախեցնում են նոր պատերազմով, միևնույն է՝ հակառակ դեպքում էլ ենք կոտորվելու, որևիցե տարբերություն չկա:

Ձեր կարծիքով՝ գործող իշխանությունը ո՞ր տարբերակը կընտրի:

– Գործող իշխանությունն ի սկզբանե ընտրել է Թուրքիայի հետ բարեկամության ճանապարհը: Ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ հաշտեցման ճանապարհը, որոնք էականորեն տարբեր բաներ են: Բայց, կարծում եմ, որ իշխանությունն արդեն կփորձի վերանայել իր որոշումը, որովհետև փաստացի իրենք խաբված են:

Նույն հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը հույս հայտնեց, որ Ռուսաստանը չի աջակցի Հայաստանին սպառազինման և այլ միջոցներով: Այնուամենայնիվ, ՌԴ-ն իսկապես պատրաստվո՞ւմ է աջակցել ՀՀ-ին, թե՞ այդ սպառազինության մասին խոսակցություններն այդպես էլ կմնան խոսքային մակարդակում:

– Համոզված եմ, որ պատրաստվում է աջակցություն տրամադրել, բայց այդ աջակցությունը պետք է հարաբերականորեն հասկանալ, որովհետև դա ուղղակիորեն աջակցություն է Հայաստանին, բայց սպասարկում է Ռուսաստանի շահերը: Սա պետք է հստակ իմանալ, որպեսզի պատրանքներով չապրենք, որովհետև քաղաքականության մեջ բարեկամ եզրույթ գոյություն չունի, կա պետական շահ:

Իսկ այժմ Ռուսաստանն այս տարածաշրջանում շատ ավելին է սկսում կորցնել, քան կարող էր իրեն թույլ տալ, ինչի համար էլ կփորձի ամրացնել տարածաշրջանում իր ազդեցությունը՝ սպասարկելով միայն իր շահերը, իսկ թե դրանք որքանո՞վ կհամընկնեն մեր շահերին՝ արդեն այլ հարց է:

Պարո՛ն Պետրոսյան, Հայաստանից պետական մակարդակով պե՞տք է արձագանքեին Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարություններին:

– Ոչ թե պետք է արձագանքեին, այլ պարտավոր էին արձագանքել:

Իսկ ձեր կարծիքով ինչո՞ւ չեն արձագանքում:

– Նախ՝ այս պահին չունենք պետական գործուն ինստիտուտներ, ընդհանրապես արտգործնախարարություն, կարելի է ասել, որ չունենք և, ամենակարևորը՝ մենք չգիտենք, կամ գուցե իշխանությունը գիտի, ուղղակի հանրությանը չի ասում, թե ուր ենք գնում, ինչ պետություն ենք ուզում ունենալ:

Մենք իրավիճակային պատասխանում ենք մարտահրավերներին, բայց չենք հասկանում՝ եթե չունենք սեփական տեսլական, մշտապես մնալու ենք այլ պետությունների կառավարման ռազմավարական հետևանք, որովհետև չունենք սեփական ռազմավարության տեսլականը:

Իսկ խորհրդարանական ընդդիմությունը և՞ս պետք է արձագանքեր Իլհամ Ալիևին:

– Բոլոր քաղաքական, հատկապես խորհրդարանականական ուժերը պարտավոր էին արձագանքել, որովհետև եթե չեն արձագանքում, փաստացի ստացվում է, որ այդ ամեն ինչը իրականություն է, ու իրենք չեն արձագանքում և այդ փաստաթղթի շտկումներն են անում: Եթե համաձայն չեն՝ արձագանքում են, համաձայն են՝ լռում են:

Հետևություն անե՞նք, որ երկու կողմն էլ համաձայն են Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին:

– Չգիտեմ՝ դա անգործության հետևա՞նք է, թե՞ ոչ, բայց փաստացի երևում է, որ այդ իրականության հետ բոլորը հաշտվել են և այդ իրականության շրջանակներում են ուզում ինչ-որ լուծումներ գտնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am