«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը` Զանգեզուրի բնակչությանը, այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերի կապակցությամբ

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը` Զանգեզուրի բնակչությանը, այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերի կապակցությամբ
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը` Զանգեզուրի բնակչությանը, այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետությունում լեռնաարդյունաբերության տեխնոլոգիական ցածր մակարդակը գործող հանքավայրերում անդառնալի վնասներ է հասցնում շրջակա միջավարին և մարդկանց առողջությանը,
հանքավայրերի շահագործման ժամանակ առաջացած թունավոր թափոնների ոչնչացումը կամ թաղումը ինչպես շահագործման, այնպես էլ շահագործումից հետո հետևանքների վերացման փուլերում կրում են անկառավարելի և անվերահսկելի բնույթ,
բացակայում են հանքավայրերում աշխատող և նրանց հարակից տարածքներում բնակչության առողջության նպատակային ուսումնասիրությունները, վիճակագրական համակարգը և մարդկանց առողջության պահպանման ուղղությամբ կանխարգելիչ և բուժական աշխատանքները,

արդեն իսկ ծանր վնասներ են հասցվել Ալավերդիում, Ախթալայում, Քաջարանում, Դրմբոնում հանքարդունաբերական ձեռնարկությունների հարակից տարածքներին, բնությանը և մարդկանց առողջությանը,

շրջակա միջավայրի և մարդկանց առողջության իրական վիճակը արտացոլող վիճակագրական տեղեկությունների բացակայությունն ու տվյալների անհարկի գաղտնիությունը իրականում հետապնդում է նպատակ քողարկել առկա իրական աղետալի վիճակը,

բնությանը և մարդկանց առողջությանը հասցվող ծանր վնասները հետևանք են նաև էկոլոգիական ստանդարտների, հումանիտար փորձաքննության` երաշխիքային ենթակառույցների բացակայության։

Ուսումնասիրելով և փաստելով Զանգեզուրի բնակչության վերաբերմունքը և նրա կողմից հայտնած անվստահությունը նոր հիմնադրվող հանքարդյունաբերական համալիրների՝ ուրանի հանքերի շահագործման կապակցությամբ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը գտնում է, որ այդ ծրագրերի կյանքի կոչելը հղի է ոչ միայն էկոլոգիական և առողջապահական աղետով, այլ ուղղակիորեն վտանգում է ՀՀ ազգային անվտանգությանը։ Հանքերի շահագործումը կպարտադրի Զանգեզուրի բնակչությանը կարճ ժամանակահատվածում հեռանալ հայրենի բնօրրանից։

Հայաթափելով Զանգեզուրը, ի հեճուկս թուրքերի, մենք մեր ձեռքով վերացնում ենք «հայկական սեպը» և պայման ստեղծում իրականացնելու թուրքերի վաղեմի երազանքը՝ Զանգեզուրը տեսնել առանց հայերի։

Օտարին ծառայելը և իշխանությունը պահելը ռեժիմի համար դարձել են իրենց գոյության միակ նպատակը։ Հարստանալու անհագ տենչը կուրացրել է և իրականությունից կտրել այսօրվա իշխող ռեժիմին, որն էլ պատրաստ է Հայաստանում իրականացնել ծրագրեր, որոնք չեն բխում ո՛չ հայ ժողովրդի և ո՛չ էլ Հայաստանի շահերից։

Կոչ ենք անում մտահոգ և սրտացավ բոլոր հայերին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին սատարել Զանգեզուրի բնակչությանը՝ վիժեցնելու համար այդ տարածքում ուրանի հանքերի շահագործման ծրագրերը։