«Նոր ատոմակայանի կառուցման հարցում, բացի ռուսական տարբերակից, այսօր Հայաստանն իրական այլընտրանք չունի». փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ, տեխնիկական գիտությունների դոցենտ Արթուր Ավետիսյանը

– Պարո՛ն Ավետիսյան, այսօր հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ պատվիրակության հետ միասին: Հնարավո՞ր է տեղյակ եք՝ ինչ օրակարգով է նա գալիս Հաաստան:

– Դա շատ կարևոր այց է Հայաստանի համար այն առումով, որ Հայաստանը պատրաստվում է նոր ատոմակայանի շինարարական աշխատանքներին: Հայաստանի գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, ինչպես հայտնի է, երկարաձգվել է մինչև 2036 թվականը, և մինչև այդ ժամանակահատվածը Հայաստանը պետք է ունենա նոր ատոմակայան: Այս պահին ընթանում են նոր ատոմակայանի նախագծման, շինարարական աշխատանքների, հզորության, ռեակտորի տեսակի քննարկումներ:

– Կարծում եք՝ նոր ատոմակայանի հարցը ևս քննարկվելո՞ւ է:

– Նոր ատոմակայանի կառուցման հարցը միանշանակ պետք է լիներ, եթե չկա, ապա անպայման պետք է ներառել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի օրակարգում, որովհետև Հայաստանի համար գործող ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը և նոր ատոմակայանի կառուցման հարցը գործնական հարթության վրա դնելը ոչ միայն մեր երկրի էներգետիկ անվտանգության, այլ նաև ազգային ու պետական անվտանգության հարց է:

Այդ հարցը կապված է և մեր արևելյան ու արևմտյան թշնամիների հետ, կապված է նաև ինքնաբավ պետություն լինելու հետ:

Ըստ էության, բացի Որոտանի հիդրոկասկադից և մյուս ՀԷԿ-երից, կարող ենք ասել, որ ամենաէժան էլեկտրաէներգիան մեզ համար այսօր արտադրում է ատոմային էլեկտրակայանը: Այսինքն՝ սա համադրելի չէ ո՛չ ՋԷԿ-երի հետ, ո՛չ արևային կայանների հետ:

– Պարո՛ն Ավետիսյան, սահմանին վերջին ագրեսիայի հետևանքով հիմա շատ քննարկումներ են ընթանում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից կամ սառեցնի այդ կազմակերպությանը իր անդամակցությունը: Հաշվի առնելով այն, որ նոր ատոմակայանի կառուցման հարցում ռուսական ներգրավվածությունը մեծ է, հնարավո՞ր է դա ռիսկային լինի Հայաստանի համար էներգետիկ անվտանգության տեսանկյունից:

– Ես՝ որպես հայ քաղաքացի, միշտ դեմ եմ եղել հակառուսականությանը, հակաարևմտականությանը: Մենք պետք է դիտարկենք՝ ինչն է բխում մեր շահերից և ինչը չի բխում:

Հայաստանը և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ է, ու մենք գիտենք, որ ունենք կամ կարող ենք ունենալ որոշակի առավելություններ՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր պայմանագրային հիմքը: Այսինքն՝ այս կամ այն կառույցից դուրս գալու հարցը քննարկելիս պետք է դիտարկենք համակողմանի՝ ինքներս մեզ հարց տալով՝ արդյոք դա ձեռնտո՞ւ է Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացուն:

Դա կարող է էներգետիկ անվտանգության խնդիրներ առաջացնել, քանի որ, բացի հայ-ռուսական բազմաթիվ երկկողմանի պայմանագրերից, Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է Հյուսիս-հարավ էլեկտրահաղորդման գծի մաս դառնալու մասին, ինչը ոչ միայն Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման կապի մասին է, այլև ընդհանուր Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման կապի: Այդ ծրագիրը կարող է բարձրացնել մեր երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը:

Այո՛, պետք է նշել նաև, որ Մեծամորի ատոմակայանի վերականգնման աշխատանքներն այսօր իրականացնում է ռուսական ընկերությունը, բացի այդ, այսօր հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողով կա, որը զբաղվում է նոր ատոմակայանի հնարավոր հզորության ու կառուցման վայրի հարցերով:

Գուցե ցավոք, բայց ատոմակայանի մասով իրական այլընտրանք, բացի ռուսական հնարավոր տարբերակից, այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի: Մենք ԱՄՆ-ի հետ ունենք պայմանագրային բազա, բայց դա վերաբերում է փորձագետների, մասնագետների փոխանակման, վերապատրաստման և նման այլ հարցերի, բայց ոչ երբեք՝ նոր ատոմակայանի կառուցման: Ֆրանսիական կողմը ժամանակին հետաքրքրություն ցուցաբերեց, բայց զարգացում չունեցավ:

Այսինքն՝ մենք հարցը պետք է դիտարկենք համալիր՝ ինչ ենք կորցնում և ինչ ենք ձեռք բերում:

– Ստացվում է՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունը մե՞ծ է:

– Չէի ցանկանա այդպես ձևակերպել, որովհետև մենք կախված կլինենք, թե ոչ՝ մեզանից է կախված: Փոխգործակցությունն է բավականին մեծ: Ու դա նաև բնական է: Այսինքն՝ ոչ միայն տնտեսական գործոններն են այդ արդյունքին հանգեցրել, այլև աշխարհագրորեն մոտ լինելը: Մյուս կողմից՝ եթե ցանկություն էլ կա դիվերսիֆիկացնելու, ապա կարելի է դիտարկել Իրանի պարագան, որը նույնպես աշխարհագրորեն մոտ երկիր է:

Աշխարհում ընդամենը չորս պետություն ունի նոր ատոմակայան կառոցելու հնարավորություն՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը: Վերջին երկիրը երբեք հետաքրքրություն չի դրսևորել Հայաստանում ատոմակայան կառուցելու հարցում՝ սահմանափակվելով միայն մասնագիտական քննարկումներով: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ նույնպես գործնական հարթության վրա համագործակցություն չի եղել, միայն՝ փորձագիտական, խորհրդատվական:

Մեզ նոր ատոմակայան պետք է ունենալ մինչև 2036 թվականը: Ո՞ւմ հետ պետք է համագործակցել: Բոլորս էլ միանշանակ հասկանում ենք, որ միայնակ չենք կարող անել՝ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Պետք է ոչ թե ինչ-որ մեկից նեղանանք կամ ինչ-որ մեկի արածով ոգևորվենք, այլ առաջնորդվենք մեր շահերով:

– Եվ, պարո՛ն Ավետիսյան, նոր ատոմակայանի գտնվելու վայրի մասին կային քննարկումներ…

Այո՛, եթե ընդհանուր օգտագործման կամ գործող ատոմակայանին հավասարազոր ատոմակայն է կառուցվելու, ապա միանշանակ Մեծամորը ամենահարմար հարթակն է, գործող ատոմակայանի կողքին: Քննարկվում էր նաև Սյունիքում, ենթադրյալ պղնձաձուլարանի կառուցման պարագայում փոքր 50-100 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցման հարցը: Նման կայանների փաստացի կիրառման փորձ գրեթե չկա: Անգամ եթե դա իրականանա, պղնձաձուլարանն էլ կառուցվի, ապա դա բավարարելու էր այդ պղնձաձուլարանի ու հարակից մի քանի բնակավայրերի կարիքները, այսինքն՝ Հայաստանի ամբողջ էներգետիկ անվտանգության հետ դա կապ չի ունենալու:

Ինչ վերաբերում է նոր, ավելի մեծ հզորությամբ ատոմակայանին, ապա այն տեխնիկապես և տեխնոլոգիապես մինչև 2035 թվականը պետք է պատրաստ լինի, որպեսզի գործող ատոմակայանի շահագործումը դադարեցվի, և դա գործարկվի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am