Համերի հիշողություն. Լաուրան և Դանան՝ մե հափուռ սեր

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ենք: Բնակելի շենքերից մեկում է ապրում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեղահանված Լաուրայի ու Վլադիմիրի ընտանիքը: Նախամուտքի մոտ դրված ճամպրուկները, տոպրակները ենթադրություններ անելու տեղիք են տալիս՝ կա՛մ նոր են եկել, կա՛մ մեկնում են: 

Ճամպրուկներն Արցախի մասին հիշեցնող միակ բանը չեն, չնայած ամեն օր Լաուրան նայում է դրանց ու մտածում՝ որտե՞ղ է, ինչո՞ւ է այստեղ, ի՞նչ գործ ունի: Նա երկու անգամ է տեղահանվել՝ առաջինը Աղդամից, հետո՝ Ստեփանակերտից: Լաուրան ծնվել է Աղդամ քաղաքում, բայց իր մանկության հիշողությունները կապված են Խանաբադ գյուղի հետ, որտեղ ապրում էին տատն ու պապը:

Լաուրա Ասրյանն ասում է, որ ժենգյալով հացի կանաչիները կտրատել-պատրաստել էր, որ մեզ համար հաց թխեր, բայց փաստաթղթային գործերն այնքան ժամանակ են խլում, որ այլ ձևով է պատրաստելու՝ լավաշով: 

Նա տասնվեց տարեկան էր, երբ ընտանիքը հարկադրված է եղել լքել Աղդամն ու տեղափոխվել Արցախ: Լաուրան ավարտել է Բրյուսովի անվան համալսարանը, հետո գործուղվել Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնք ու ամուսնացել այնտեղ: 

Հիշում է, որ Աղդամի իրենց երկհարկանի տան հարևանությամբ ապրում էր մի ադրբեջանցի բժշկի ընտանիք: Նրանք այնքան մտերիմ էին, որ մեկ դուռ ունեին, որով ելումուտ էին անում: Այս ընտանիքը, սակայն, միակն էր քաղաքում, որի հետ մի տան պես էին, իրար վստահում էին, երբեմն հարևանուհին երեխաներին բերում էր ու խնդրում Լաուրայի մորը, որ հետևի նրանց մինչև աշխատանքից վերադառնալը: Լաուրան մտաբերում է, որ Աղդամում դուռ բաց թողնել չկար հայերի շրջանում, քանի որ բոլորը գիտեին, որ պետք էր զգոն լինել՝ ադրբեջանցիների շրջանում ապրելով: 

«Քեռիս պինդ տղամարդ էր՝ ադրբեջանցիների ահուսարսափն էր: Հենց լսում էին՝ Կոլյան եկավ, ամեն մեկը մի կողմ էր փախչում, բայց այնտեղ միշտ էլ հետևողական պետք էր լինել: Հիշում եմ, որ երբ դասից ուշանում էինք, մայրս արդեն կես ճամփան ոտքով եկած էր լինում՝ մտածելով, թե մի բան պատահած չլինի»: 

Լաուրայի հիշողության խոսույթում «Ադրբեջան» բառը գոյություն չունի, դրա փոխարեն անընդհատ ասում է Թուրքստան. այդպես էին իրենք կոչում այն տեղանքը, որում ապրում էին: 

Նրա սննդային հիշողությունների, կյանքի ստացած դասերի ու խրատների ձևավորողը տատն է՝ Դանա Ասրյանը, կապուտաչյա մի կին, որ երկրորդ անգամ էր ամուսնացել Լաուրայի պապի հետ և ունեցել ինը երեխա: Չափազանց մաքրասեր կին էր, որ հաց թխելուց առաջ ամբողջ տարածքը մաքրում էր, հատակը մի լավ լվանում, հետո վերցնում մեծ թասը, որին տաշտ էին ասում, ու խմոր հունցում: 

«Տատս այնքան հարգանք ուներ հացի նկատմամբ, որ հորս խնդրել էր առաստաղից մեխեր մեխել, որպեսզի մեծ սկուտեղի վրա հունցած գնդերը՝ պյուլերը, դներ այդ մասում, որ հանկարծ մի փոշու հատիկ հացի վրա չնստեր»: 

Նա խոհանոցի լիդերն էր, որը մերժում էր թիմի օգնությունն ու միայնակ, լուռումունջ աշխատում էր: Ամռանը, երբ Աղդամից գնում էր տատին հյուր, առավոտյան արթնանում էր հացի բույրից, ու մինչև հիմա իր համար հարցական է մնացել՝ այդ ե՞րբ էր տատը հասցնում ամեն բան պատրաստել: 

Երբ թոռները հարցնում էին, թե ինչպես է անում, որ ամեն ինչ այդքան համեղ է ստացվում, ասում էր՝ «քե մատաղ, ամեն ճաշին մե հափուռ սեր եմ ածում» (ամեն ճաշի մեջ մի բուռ սեր եմ լցնում): Սա լավագույն դասն է եղել Լաուրայի համար. ամեն գործի մեջ մի բուռ սեր պիտի ավելացնես՝ դա է գաղտնիքը: 

«2023 թվականի շրջափակման ժամանակ տատիս ամեն օր հիշում էի: Տատս հրաշագործ էր՝ ոչ մի բանից ամեն բան հորինող: Ամռանը մածունը չորացնում էր, ավելացնում մի քիչ աղ ու ալյուր, քամում ու չորացնում: Չորաթանից ճաշեր էր պատրաստում, ու մենք գլխի էլ չէինք ընկնում, որ այդ տատի ամռան ջանքն էր հայտնվել մեր ձմեռվա սեղանին»: 

Թոռներին ստիպում էր հացը մինչև վերջ ուտել, հացի մի կտոր անգամ չէր թափում ու թեև գյուղում էր ապրում և կարող էր կենդանիներին տալ մնացորդը, համարում էր, որ հացը քրտինք է ու հարգանք է պահանջում: Շրջափակման ժամանակ այս՝ տատից ձեռք բերած հմտությունը Լաուրան հիշել էր ու չորահաց պատրաստել, որ հետո մածունի հետ խառնում էր, սոխեռած անում ու ստացվում էր ճաշ՝ համեմված չորացրած կանաչիների բույրով, որ, ցավոք, իր մանկության հոտը չուներ արդեն: Տատը հաճախ նաև կճեխաշ էր պատրաստում. ցորենը, ոլոռը, լոբին, եգիպտացորենը միասին խաշում էր ու ստացում էր սննդարար մի կերակուր: 

Ամռանը նա անխոնջ հավաքում էր մրգերը ու ահռելի քանակությամբ չորացնում: Հոնը յուրահատուկ տեղ ուներ չրերի մեջ, տատն ասում էր, որ իսկական դարման է: Հոնից նաև թթու էր պատրաստում, իսկ չրերով լցոնում էր հավի, հնդկահավի, նապաստակի փորը ու եփում: Ընտրության հնարավորության մասին խոսք չկար, այդ պատճառով գյուղաբնակն իր ունեցածից տարատեսակ կերակուրներ էր մոգոնում: 

«Տատիս տանը շատ կարասներ կային՝ մեջը դոշաբ, մեղր, ղավուրմա և այլն: Նա նաև ածիկ էր պատրաստում, ու երբ պապային հարցնում էինք՝ ինչպե՞ս է հաջողվել ինը երեխաներին էլ երկարակյաց լինել, ասում էր, որ գաղտնիքը ածիկն է»: 

Ածիկը մատաղի պես բան է՝ այն ոչ մի պարագայում չի կարելի մենակ ուտել, պիտի բաժանես մարդկանց: Սա ընդամենը սննդային վարքագծի մի մաս է, սակայն Լաուրային այնքան կարևոր բան է սովորեցրել՝ կիսվել ունեցածով, չագահանալ, անգամ եթե շրջափակում է, անգամ եթե շատ քիչ է մնացել, պիտի կարողանալ ուժ գտնել ու չկորցնել մարդասիրությունը: 

Նրա հայրը պատմել է, որ տատի սկեսուրը, որին նանի էին ասում, արթնանում էր, կաթը տաքացնում, սերը քաշում, խառնում ձվի դեղնուցն ու տալիս բոլոր երեխաներին: Սա առաջին հագեցնող նախաճաշն էր, այնքան հագեցնող, որ կեսօրն անց անգամ սովածություն չէին զգում: Ու հոր և նրա քույր-եղբայրների երկարակեցությունը Լաուրան կապում է հենց նման սովորույթների հետ: Առհասարակ կաթը համարվում էր ոչ միայն սննդարար, այլ նաև բուժիչ ըմպելիք, և գրեթե ամեն հիվանդության դեմն առնում էին կաթով և սիրով: 

Տատի մասին հիշելիս Լաուրան բնութագրում է որպես ոչ միայն խոնարհ, այլ նաև լիդերին բնորոշ հատկություններով մեկին: Երեկոյան հինգին նա Լաուրայի ձեռքը բռնած՝ դուրս էր գալիս «ստուգումների»: Գիտեր, որ տղաներն արդեն աշխատանքից տուն եկած կլինեն, դրա համար պետք էր հերթով շրջել տներով, իմանալ նրանց որպիսությունը և համապատասխան հրահանգներ տալ: 

«Մտնում էինք առաջին տունը: Հարսին ասում էր՝ հ՞ըն, Էմմա, տղաս եկե՞լ է: Հետո երկրորդ, երրորդ տղայի տունը: 8-ին՝ «ստուգումներից» հետո, վերադառնում էինք տուն, պապս զայրանում էր, ասում էր՝ բավակա՛ն է, բայց տատն անվրդով էր»: 

Պապը տատի հակապատկերն էր՝ չէր սիրում աշխատել: Լույսը բացվելուն պես Դանան գոռում էր՝ Արտե՜մ, վեր կաց: Արտեմը հոգոց էր հանում, հետո հանգիստ շրջվում դեպի պատն ու շարունակում քնել: Տատը բոլոր հարևաններին մատնացույց էր անում, ասում էր՝ տես, այս մեկն արդեն գործի է, մյուսը հանդում է, դու դեռ քնած ես, բայց պապի վեջն էլ չէր: Երբ ուզում էր՝ գնում էր հանդ, երբ ուզում էր՝ գալիս էր: Տատն էլ անտրտունջ ենթարկվում էր՝ միայն երբեմն իրեն թույլ տալով նեղսրտել:

Դանան աշխատասեր էր, նրան անհնար էր նստած տեսնել, պարապ վիճակում: Նա գյուղացի կին էր, որ հատուկ գաղտնիքներ չուներ ճաշ պատրաստելու, այլ իսկապես, առանց պաթոսի, սեր էր ավելացնում ամեն ինչում: 

Լաուրան կանաչիները վերցնում է, համեմում, դնում լավաշի մեջ ու փաթաթում: Կատակում եմ, թե մյուս անգամ հյուրասիրելիս կասեք, որ «թիթիզ» ժենգյալով հաց եք պատրաստել: Լավաշի ներսում ուղղակի կանաչիներ են, բայց ինչո՞ւ են այսքան համեղ, որովհետև նա սերտել է ամենակարևոր դասը, որ նրան տվել է յուրահատուկ անունով տատը՝ սեր պիտի տալ, շա՛տ սեր: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am