Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները ՀՀ սոցապնախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Արցախի Քաշաթաղի շրջանի մի խումբ բնակիչների հետ, որոնց թվում եղել են նաև գյուղական համայքների ղեկավարները։

Նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս համայնքներում բնակվել են հիմնականում Հայաստանից տեղափոխված քաղաքացիները՝ վերաբնակեցման ծրագրերի շրջանակում։ Մեր հայրենակիցները ներկայացրին իրենց մտահոգությունները, խնդիրները։ Քննարկեցինք առկա աջակցության ծրագրերի վերաբերյալ առաջարկներ, այլ խնդիրների մասով լուծման տարբերակներ:

Հանդիպման ընթացքում բոլորի կողմից կարևորագույն պահանջը՝ աշխատելու և արժեք ստեղծելու հնարավորություն ընձեռելն է եղել:

Սեփական աշխատանքով ընտանիքը, համայնքը, հայրենիքը շենացնելու ձգտումը և պատրաստակությունը արժանի է հարգանքի և բացառիկ աջակցության:

Պայմանավորվել ենք որոշակի քննարկումներ իրականացնել, ինչից հետո կրկին հանդիպել՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ և արագ լուծումներ տալու նպատակով»։