Նիկոլ Փաշինյանի խոստովանությունը, կամ ի՞նչ գործ ունեն թալանչիներն ու Ղարաբաղը ծախողները Ազգային ժողովում․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ Ազգային Ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հարցերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով նրանց, տառացիորեն հայտարարեց, որ նրանք թալանել են պետությունը, թալանել են բանակը, իսկ այսօր եկել նստել են Ազգային Ժողովում։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց, որ Ղարաբաղը ծախողներն ու հանձնողները նստած են Ազգային Ժողովում՝ նկատի ունենալով ընդդիմադիր խմբակցություններին։Բացի այդ, պատասխանելով նույն պատգամավորի հարցին, Նիկոլ Փաշինյանը ենթագիտակցորեն խոստովանեց, որ իր հրաժարականի շնորհիվ են Ազգային ժողովում հայտնվել ընդդիմադիր խմբակցությունները, եթե ինքը հրաժարական չտար, նրանք չէին կարող հայտնվել խորհրդարանում։

Պարո՛ն վարչապետ

Պետությունն ու բանակը թալանողներըն ի՞նչ գործ ունեն խորհրդարանում։Իմ խորին համոզմամբ, եթե մեր երկրում կա որևէ մեկը, ով ծախել է Ղարաբաղը, ուրեմն նա հայրենքի դավաճան է։ Հետևաբար, հայրենիքի դավաճաններն ի՞նչ գործ ունեն Ազգային Ժողովում։

Եթե Դուք վստահ գիտեք, որ նրանք թալանել են մեր պետությունը, մեր բանակը ու ծախել են Ղարաբաղը, ինչու՞ մինչ օրս լուծված չէ նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը։ Շատ ցցուն ու ուշագրավ է նաև, որ խոստովանում եք, որ նրանք Ձեր շնորհիվ են հայտնվել խորհրդարանում։

Մենք էլ դա ենք ասում, որ Ձեր օրոք ինչքան թալանչի ու ավազակ կա, ոչ միայն վխտում է ազատության մեջ, այլև նրանցից մի մասը հայտնվել է խորհրդարանում, որ Ձեր կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարն ամբողջությամբ տապալված է, որ գործող ու նախկին իշխանությունները մեկը մյուսի գոյության երաշխավորն են ու ապավենը։

Իսկ Դուք դեռ խոսում եք, խոսում եք ու խոսում եք․․․Իմ կարծիքով, պետական ու քաղաքական գործիչը պետք է հարգանք ունենա սեփական խոսքի նկատմամբ, արժևորի այն, գիտակցի հրապարակային ասված խոսքի արդյունքում հանրության ընալման աստիճանն ու դրա հետևանքները:

Եթե Ազգային Ժողովում հայրենիքի դավաճան կա ու մինչև հիմա չի պատժվել, ուրեմն իշխանությունն էլ մեղավոր է հանցավոր անգործության համար․․․»։