Եթե Փաշինյանն անկեղծ է, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա և նշանակեն արտահերթ ընտրություններ, ո՞ւմ է սպասում. Իշխան Սաղաթելյան

Վաղը ըստ իրավիճակի կորոշենք մեր քայլերը և կգնանք այդ ուղղությամբ: Բոլոր իրավիճակների համար մենք սցենարներ ունենք: Այդ մասին այսօր Բաղրամյան պողոտայում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ, Հայրենիքի փրկության շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումներին, Սաղաթելյանն ասել է, որ իրենք պատրաստ են նման հանդիպման, բայց պայմանով, որ խոսեն Փաշինյանի հեռացման մասին միայն:

«Այդ օրակարգով միշտ պատրաստ ենք հանդիպելու խոսելու իր հեռացման ճանապարհային քարտեզը քննարկելու: Ինչ վերաբերում է արտահերթ  ընտրությունների իր կոչերին, նախ, իմ կարծիքով, ինքն իրականում դա չի ուզում, դա բլեֆ է:

Նկատի ունենալով «Հայրենիքի փրկության շարժումը»  գտնվում է՝ իր վերելքի վրա, նա կրկին ուզում է փոխել օրակարգը, շեղել բուն օրակարգը և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ: Եթե ինքն անկեղծ է, թող հենց հիմա գա ԱԺ, հրաժարական տա և նշանակեն արտահերթ ընտրություններ, ում է սպասում:

Խորհրդարանական մյուս կուսակցությունների որոշումից ընդհանրապես կախված չէ իր որոշումը: Ինքն ունի խորհրդարանական մեծամասնություն: Իսկ եթե ինքը մտածում է, որ իր խմբակցությունը կգնա կքվեարկի վարչապետի այլ թեկնածուի, նշանակում է՝ ինքը չունի խորհրդարանական մեծամասություն, իր ֆրակցիան պարզապես գերի է իր ձեռքում: Եթե դա էլ չունի, մնացել է, որ ինչ անի, թող հեռանա»,-նշել է Սաղաթելյանը: