Հագուկապը, ուսապարկը, երգը. ըստ քաղտեխնոլոգի՝   «լիդեր ձևավորելու, լիդերի իմիջի գործընթաց է տեղի ունեցել, ինչը պատահական չէ արված» 

Հագուկապը, ուսապարկը, երգը. ըստ քաղտեխնոլոգի՝   «լիդեր ձևավորելու, լիդերի իմիջի գործընթաց է տեղի ունեցել, ինչը պատահական չէ արված» 
Հագուկապը, ուսապարկը, երգը. ըստ քաղտեխնոլոգի՝   «լիդեր ձևավորելու, լիդերի իմիջի գործընթաց է տեղի ունեցել, ինչը պատահական չէ արված» 

Այս օրերին ընթացող շարժման հեղինակներն օգտագործեցին «կառավարելի քաոսի» տեխնոլոգիան, որը արևմտյան հայտնի տեխնոլոգիա է և Հայաստանում լավ աշխատեց: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական և  ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով և՛ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կերպարին, և ՛ կիրառվող տեխնոլոգիաներին:

Մարտի 31-ից ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության քայլարշավ սկսած Նիկոլ Փաշինյանի կերպարը տարբերվում է մինչև այդ բողոքի ակցիաներ անող քաղաքական գործիչների կերպարից: Նա հասարակությանը չի ներկայանում կոստյումով, փողկապով, ակցիայի առաջին օրերից մինչ այսօր շրջում է զինվորական շապիկով, ուսապարկով, իսկ Բաղրամյան պողոտայի դեպքերի հետևանքով վնասված ձեռքին վիրակապը դեռևս շարունակում է մնալ:

Արմեն Բադալյանը նկատում է, որ իմիջմեյքերական ներգործություն է եղել նրա կերպարին: «Ինքը երիտասարդ տղա է, բայց բեղերն ու մորուքը, որը պահում է, դրանով ավելի հասուն է երևում, լրջանում է: Նախքան այս, Նիկոլ Փաշինյանը միջին տարիքի, երիտասարդ դեմք ունեցող գործիչ էր հանդես գալիս: Հիմա նրա արտաքինը, հագուկապը, ուսապարկը, երգը, որը հնչում է, բոլորը մեկ ոճ ունեն: Այսինքն՝ լիդեր ձևավորելու, լիդերի իմիջի գործընթաց է տեղի ունեցել: Դա պատահական չէ արված: Իհարկե, նրա ձեռքը վնասվել է, բայց դա պայքարողի կերպարն է, ով վնասվածք է ստացել պայքարելուց»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հենց Նիկոլ Փաշինյանի այդ կերպարը մարդկանց փողոց հանեց, մասնագետը պատասխանում է, որ դա օգնող գործոն է, բայց ոչ որոշիչ: «Որոշիչ գործոնն այստեղ քաղաքացիական անհնազանդությունն էր: Իմիջն օգնում է գործընթացին, բայց որոշիչ չէ»,- հավելեց նա:

Ըստ Բադալյանի՝ առաջնորդը կարևոր էր, որպեսզի մարդիկ դուրս գային փողոց: Բայց մյուս կողմից՝ քաղաքական այն տեխնոլոգիաները, որոնք իրականացվեցին, բավական գրագետ էին:

«Ի՞նչ տեղի ունեցավ զուտ տեխնոլոգիական տեսանկյունից: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում հասարակությունը որպես այդպիսին գոյություն չունի: Հավանաբար դա վերլուծվել է, և համապատասխան եզրակացության են եկել, որ եթե հասարակությունը մահացած է, ուրեմն պետք է այլ մեթոդաբանություն կիրառվի: Եվ այդ մեթոդաբանությունը կիրառվեց՝ մահացած հասարակությունը մի կողմ հրվեց, որովհետև նա ոչնչի ընդունակ չէր, և խաղադրույքը կատարվեց երիտասարդների վրա»,- ասաց նա:

Հարցին, թե փողոց դուրս եկած հասարակությունը կարո՞ղ է տուն գնալ՝ առանց հասնելու իր վերջնական նպատակին, Բադալյանը պատասխանեց, որ դա կախված է շարժման ղեկավարների մարտավարությունից:

«Հիմա իրենք արդեն բանակցում են ՀՀԿ-ի հետ, իսկ ՀՀԿ-ից իրենց պետք է մոտ 10 ձայն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Բայց, ամենայն հավանականությամբ, բանակցություններն իրենց նպատակին կհասնեն, որովհետև բավական լավ մշակված քաղաքական գործընթաց էր սա, և կարող եմ ենթադրել, որ միայն հայկական ծագում չունի այս գործընթացը, այսինքն՝ հեղինակները միայն հայկական ծագում չունեն, բավական ակտիվ միջամտություն կար: Ես միշտ ասել եմ՝ Հայաստանում հեղափոխություն կարելի է անել երկու ճանապարհով. առաջին՝ երբ երկրի ներսում կա ընդվզում, երկրորդ՝ կա դրսից երևացող և չերևացող աջակցություն: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ չերևացող աջակցությունը տեխնոլոգիաների ներմուծումն էր: Եվ սա միայն Սերժ Սարգսյանի հեռացման նպատակ չունի»,- ասում է մասնագետը:

Ըստ Բադալյանի՝ սա մի գործընթաց է, որով ամբողջովին պետք է վերաֆորմատավորվի Հայաստանի քաղաքական համակարգը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am