Անհայտ մնալ ցանկացող բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անհայտ մնալ ցանկացող բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհայտ մնալ ցանկացող բարերարները պատրաստ են ֆինանսավորել Ախթալայի վանքի վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները նախօրեին այցելել են Ախթալայի վանք (Լոռվա մարզ), որի վանահայր Տ. Վիգեն քահանա Ղազարյանը պատմել է վերջերս սրբատեղի այցելած մի խումբ անհայտ մնալ ցանկացող բարերարների կողմից վանքն ու այն շրջապատող պարիսպը վերանորոգելու մտադրության մասին:

Հիշեցնենք, Ախթալան մեկն է քաղկեդոնական շրջանի այն 10 հայկական սրբավայրերից, որոնք յուրացնելու և սեփական պատմությանը վերագրելու փորձեր են անում վրացիները: «Չենք լռելու»-ն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին` նշելով, որ վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են այդ հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաքարտ: Հստակ գիտակցելով դա` ոչ Հայ Առաքելական եկեղեցին, ոչ էլ մշակույթի նախարարությունը սրբատեղիների փրկությանն ուղղված գործուն քայլեր չեն ձեռնարկում` ապացուցելու համար, որ հայ ժողովուրդը տե՛ր է քաղկեդոնական շրջանի իր պատմությանը:

Եվ ահա հույս է հայտնվել, որ մեր ժողովրդի պատմության քաղկեդոնական շրջանի այդ հրաշքներից մեկը` Ախթալայի վանքը, կփրկվի բարերարների ուժերով:

Տ. Վիգեն քահանա Ղազարյանը «Չենք լռելու»-ի երիտասարդների հետ զրույցում ասաց նաև, որ բարերարները պատրաստակամություն են հայտնել նաև ֆինանսավորելու այլ սրբատեղիների վերանորոգում:

Վանահոր խոսքերով, Ախթալայի վանքի վերականգնման ճարտարապետական հարցերի լուծման խնդրանքով երկու շաբաթ առաջ իրենք դիմել են մշակույթի նախարարությանը և այժմ սպասում են պատասխանին: Քահանան հայտնեց, որ անցյալ տարի Երևանից Ախթալա այցելած մասնագետները հավաստիացրել են, որ Սբ. Աստվածածնի գմբեթը հնարավոր է վերականգնել:

«Չենք լռելու»-ն կոչ է անում մշակույթի նախարարությանը հնարավորինս զերծ մնալ իրեն բնորոշ բյուրոկրատական քաշքշուկներից և սրտացավ մոտենալ Ախթալայի փրկության հարցին:

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Ախթալայի վերականգնման ժամանակ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ տեղի ունեցավ Հաղարծինի վանական համալիրի հետ (http://www.youtube.com/watch?v=j_5l7YiSUtc), երբ ամբողջովին աղճատվեց նրա պատմական տեսքն ու շունչը: Այս առումով անհրաժեշտ է խստորեն պահպանել նման դեպքերում նախատեսված ճարտարապետական կանոնները:

«Չենք լռելու»-ն կհետևի Ախթալայի վերականգնման ընթացքին և ակտիվորեն կլուսաբանի այն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=I62FQcarUZQ

Medialab.am