«Դա լրատվամիջոցի կողմից ուղղակի հորինված տեղեկատվություն էր, ֆեյք նյուզ, նույնիսկ կասեի՝ ինֆորմացիոն դիվերսիա». Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

– Պարո՛ն Մելիքյան, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքից հետո իրենց աղբյուրներով լուրեր հրապարակած երկու լրատվամիջոցների քննչական մարմինները հարցաքննության հրավիրեցին՝ աղբյուրի բացահայտման պահանաջով։ Լրատվամիջոցները, հղում անելով Հայկ Հարությունյանի մահվան դեպքի ականատեսին, տեղեկություն էին հրապարակել, թե իբրև Հայկ Հարությունյանն ասել էր, որ իրենց պարտադրում են «Մարտի 1»-ի գործով կեղծ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այնինչ, Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել: Ի՞նչ մեխանիզմներ կան նման դեպքերում՝ լրատվամիջոցներին պարտադրելու, որ բացահայտեն իրենց աղբյուրը։

– Սա նոր ավանդույթ չէ և, իհարկե, վատ ավանդույթ է, երբ իրավապահ մարմինները զանգվածային րատվամիջոցի աշխատակցից փորձում են պարզել տեղեկատվության աղբյուրը։ Մեծ հաշվով, եթե նույնիսկ խոսքը հանցագործություն բացահայտելու մասին է, այդ գործելաոճի վնասը խոսքի ազատության առումով ավելի շատ է, քան օգուտը։ Բայց պետք է նշել, որ առաջին հերթին հենց իրավապահ մարմինները պետք է հաշվի առնեն, որ ըստ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի, միայն դատարանը կարող է պահանջել բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Միայն դատարանը կարող է նման պահանջ ներկայացնել, եթե այդ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է օգնել ծանր և առանձնապես ծանր հանցագործություն բացահայտելուն։ Եթե նույնիսկ այդ պարագայում է դատարանը նման պահանջ ներկայացնում, ապա լրագրողն իրավունք ունի իր հերթին պահանջելու, որ այդ նիստը փակ ընթանա։ Սա է հիմնական գործընթացը, թե ինչպես է հնարավոր բացահայտել աղբյուրը։

– Իսկ եթե անդրադառնանք այս կոնկրետ դեպքին, ի՞նչ խնդիրներ եք տեսնում։

– Եթե կոնկրետ այս դեպքը դիտարկենք, ապա իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ Հայկ Հարությունյանի ինքնասպանության ականատես միայն մեկ հոգի է եղել։ Եվ նա իրավապահ մարմիններին որպես վկա ասել է, որ Հայկ Հարությունյանն այդպիսի արտահայտություն չի արել ինքնասպանություն գործելուց առաջ։ Եվ այլ աղբյուր չի եղել։ Այս ամենը ցույց է տալիս, որ լրատվամիջոցն իրականում աղբյուր չի ունեցել, և դա ուղղակի հորինված տեղեկատվություն է, ֆեյք նյուզ։ Ես նույնիսկ կասեի, որ դա ինֆորմացիոն դիվերսիա է այդ լրատվամիջոցի ու լրագրողի կողմից, քանի որ ակնհայտ է, թե ո՛ր քաղաքական ճամբարից է գալիս և ի՛նչ նպատակներ է հետապնդել։ Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմն ու նրանց սպասարկող լրատվամիջոցները շահագրգռված են եղել այդ տեղեկատվությունն օգտագործել իրենց նպատակների համար։ Դա շատ վատ ու չհաջողված փորձ է։

Ես կարծում եմ, որ լրատվամիջոցը կամովի փորձել է սպասարկել այդ քաղաքական դեմքի շահերը, մեծ հաշվով անձնական ողբերգությունը փորձել է օգտագործել Քոչարյանի շահերի համար և վարկաբեկել գործող իշխանությանը, դրանում ոչ մի խոսք չկա։ Եվ, փաստորեն, հանրային շահն ու օբյեկտիվությունը տվյալ պահին լրատվամիջոցի համար երկրորդ-երրորդ պլան են մղվել։

– Նման դեպքերի համար արդյոք կարի՞ք կա խստացնելու օրենսդրական դաշտը, որպեսզի լրագրողն ու լրատվամիջոցը պատասխանատվություն կրեն իրենց հրապարակած տեղեկատվության համար, թե՞ դա կդիտարկվի որպես ճնշում ԶԼՄ-ների նկատմամբ։

– Ինչ է վերաբերում է ճնշմանը, իրավապահները գիտեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջները, այնուամենայնիվ ասում են՝ մենք մեր գործն ենք կատարում, փորձում ենք ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Իսկ լրատվամիջոցի կամ լրագրողի գործն է՝ կբացահայտի՞ աղբյուրը, թե՞ ոչ։ Եթե չբացահայտի, ասում են՝ մենք դրա հետ էլ պետք է համակերպվենք։ Բայց տվյալ պարագայում, ես շեշտում եմ, սա դիվերսիա է, որևէ աղբյուր չի եղել, և սուտ է այն, թե լրատվամիջոցն իբր հավաստի աղբյուրից է տեղեկատվությունն ստացել։ Այս առումով, իհարկե, չարաշահվել են լրատվամիջոցի լիազորություններն ու պարտականությունները։ Այսինքն՝ լրատվամիջոցը միտումնավոր թյուրիմացության մեջ է գցել իր լսարանին։ Եվ փաստացի սա առաջին դեպքը չէ, մեր ամբողջ լրատվական դաշտը հեղեղված է ֆեյք լուրերով, սխալ ու մանիպուլյատիվ նյութերով։

Սա տագնապալի երևույթ է, և, իհարկե, պետությունը, ըստ իս, պետք է շատ ակտիվ քայլեր ձեռնարկի։ Մասնավորապես, կարող են օրենսդրական փոփոխություններ կատարվել, կարող են ինֆորմացիոն ոլորտում առողջացնող քայլերի հայեցակարգ մշակել։ Բացի դա, կարծում եմ, շատ կարևոր է մեդիագրագիտությունը տարածել երկրում, որպեսզի շարքային ընթերցողը հասկանա, որ այդպիսի կեղծ լուրեր տարածող լրագրողին կամ լրատվամիջոցին մեծ վերապահումով պետք է վերաբերվի և կասկածի տակ առնի այդպիսի լրատվամիջոցի կողմից հրապարակվող ցանկացած լուր։ Եվ ամենակարևորը, հենց իրենք՝ որակյալ լրատվամիջոցները պետք է հոգ տանեն իրենց լսարանի համար և աշխատեն իրենց լսարանի շրջանում տարածել մեդիագրագիտությունը և հնարավորինս ստուգել ու ճիշտ տեղեկատվություն հրապարակել՝ արժեզրկելով ֆեյք լուրերն ու մանիպուլյացիաները։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am