Մնացականյանը քաղքական խոչընդոտ չի տեսնում ԵՄ երկրների կողմից ՀԸԳ համաձայնագրի վավերացման համար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպական միության անդամ երկրներ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողից քաղաքական որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մնում է Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների իրավական հիմքը: Այն նաև ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների օրակարգը խթանելու կարևոր գործիք է: Մենք այսօրվա դրությամբ չափազանց մոտ ենք վավերացման գործընթացի ավարտին: Սպասում ենք երեք երկրների կողմից՝ Իսպանիայի, Պորտուգալիայի և Հունաստանի կողմից այդ գործընթացի ավարտին: Որևէ քաղաքական հարց կամ խոչընդոտ չունենք այս վավերացման գործընթացի ավարտի համար, սա խիստ ընթացակարգային հարց է»,- ասաց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում էլ Ավստրիան և Իտալիան ավարտին մոտեցրել և ավարտել են համաձայնագրի վավերացման գործընթացը: