Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ուղերձը Դիվանագետի օրվա առիթով

Հեղինակ MediaLab

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առիթով, որը ներկայացնում ենք ստորև․

Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ:

Քսանինը տարի առաջ՝ այս օրը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում ծածանվեց Հայաստանի անկախ Հանրապետության եռագույնը՝ որպես միջազգային հանրության լիիրավ անդամ դառնալու խորհրդանիշ: Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում հայ դիվանագիտության ակունքներում կանգնած պետական այրերին: 

Հայկական պետականության կայացմանը զուգահեռ նորովի էր ձևավորվում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմնասյուներից մեկը հանդիսացող դիվանագիտական ծառայությունը: 

Մենք միասնաբար անցել ենք երկար և մարտահրավերներով լի ճանապարհ:

Անցյալ տարի Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիան լրջագույն փորձություն էր բոլորիս, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության համար: Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնական ապարատում և արտերկրում ծառայող բոլոր դիվանագետներին պատերազմական դրության ընթացքում կատարած աշխատանքի և իրենց առջև դրված խնդիրները պատվով իրականացնելու համար։ 

2020թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո հասարակության ակնկալիքները դիվանագետներից էլ ավելի են մեծացել, ինչն առավել ընդգծում է մեր ծառայության դերը՝ Հայաստանի համալիր անվտանգության ապահովման, հայ ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության գործում: Մեր առջև ծառացել են նոր խնդիրներ ու մարտահրավերներ, և մենք պետք է բազմապատկենք մեր ջանքերը՝ հավատարիմ մնալով հայ դիվանագետի բարձր կոչմանը: 

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է մեր ժողովրդի արժեքների և շահերի վրա: Մեզ համար բացարձակ արժեք է հայ ժողովրդի ազատությունը, անվտանգությունը, հայրենի երկրում ապրելու և արարելու անկոտրում կամքը, և դրա ապահովման համար մենք առավել հետևողական և նպատակաուղղված պետք է  հետապնդենք մեր պետության շահերը:

Այսօրվա դժվարությունները մեզ ոչ թե պետք է թևաթափ անեն, այլ համախմբեն, ոչ թե ջլատեն մեր ուժերը, այլ ամրապնդեն Հայրենիքին նրա բարդ օրերում պատվով ծառայելու մեր կամքը: 

Հարգելի գործընկերներ,

Անցած քսանինը տարիների ընթացքում մեր բոլորի ներդրած ջանքերի, վճռական ու նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է կուռ և աներեր պահել Հայաստանի արտաքին գերատեսչությունը, շարունակաբար բարձրացնել նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակը, ապահովել կադրային դիվանագետների սերնդափոխությունը: Այս առումով անգնահատելի ներդրում ունի Հայաստանի դիվանագիտական դպրոցը: 

Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է պատասխանատվությունը՝ անշեղորեն և հետևողականորեն պահպանելու և ամրապնդելու Հայաստանի անկախությունը, պետականությունը և ինքնիշխանությունը: 

Շնորհավորում եմ Դիվանագետի օրվա կապակցությամբ և մաղթում բոլոր գործընկերներիս հավատ մեր ուժերի նկատմամբ, ստեղծարար նախաձեռնություններ և ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի, Արցախի և համայն հայ ժողովրդի: