«Հայանպաստ հայտարարություններով խանդավառվել պետք չէ, խոսքից գործի անցնելու ժամանակն է»․ Հարութ Սասունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

– Պարո՛ն Սասունյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոունի նախագծին, որով դադարեցվում է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող ռազմական աջակցությունը: Ի՞նչ է սա նշանակում։

– Որպեսզի բոլորին հստակ լինի, պետք է ասեմ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից է այս նախագիծն ընդունվել, բայց սա վերջնական չէ, դեռ Սենատը պետք է ընդունի։ Եվ միայն Սենատի ընդունումից հետո այն ուժի մեջ կմտնի, բայց, անշուշտ, հօգուտ մեզ՝ սա մեծ քայլ է։

Մի կողմից շատ ուրախ ենք, որ առաջին մեծ քայլն արվեց, բայց կան պատճառներ, թե ինչո՛ւ նման կերպ քվեարկեցին․ առաջինն այն է, որ Վաշինգտոնում Հայ Դատի հանձնախումբը երկար տարիներ աշխատում է, որ լավ հարաբերություններ ստեղծի Կոնգրեսի անդամների հետ։ Եվ կոնգրեսականները, որոնք հայերի բարեկամն են, երկար տարիներ այս աշխատանքն իրականացնում են, որ կարողանան հաջողել:

Երկրորդ՝ 44-օրյա պատերազմի պատճառով մենք շատ զոհեր տվեցինք և պարտվեցինք, հողեր տվեցինք, այս ամենը Արևմուտքում համակրանք ստեղծեց հայերի հանդեպ, մանավանդ նրանք, որոնք հակակրանք ունեն թուրքերի և ազերիների հանդեպ, նրանք է՛լ ավելի էին ձգտում հայերին օգտակար լինել:

Եվ երրորդ՝ երբ մտնում ենք այսպիսի պայքարի մեջ, որ ինչ-որ մի բան հաջողենք, մեկ այլ օգուտ ունի այս աշխատանքը, այն է, որ այս պայքարում միշտ երկու կողմ կա. մեկը ամերիկահայությունն է և որոշ չափով Հայաստանը, բայց հակառակ կողմը կա՝ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց լոբբիստական աշխատանքով զբաղվողները Վաշինգտոնում: Թեև նրանք իրենց աշխատանքով չհաջողեցին, սա միայն Ադրբեջանին օգնությունից զրկելու հաղթանակ չէ, սա նաև քաղաքական պայքարի հաղթանակ է։ Ազերիներն իրենց լոբբիստներով փորձեցին կանխել սա, մենք էլ պայքարեցինք, որ մեր ուզածը լինի, և մենք քաղաքական հաղթանակ տարանք։

ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է հրաձգությունը սահմանին և կոչ արել Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական քննարկումների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու համար հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման։ Որքանո՞վ է հնարավոր Մինսկի խմբի վերագործարկում։

– Մինսկի խմբի հետ կապված մեկ լուրջ խնդիր կա. Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց չկա, որ Արցախի հարցը լուծվել է պատերազմով, և Մինսկի խումբը որևէ անելիք չունի, և որ իրենք Մինսկի խմբի կարիք չունեն։ Վերջին անգամ, երբ Մինսկի խմբի անդամները հանդիպեցին Ալիևի հետ, Ալիևը մերժողական խոսքեր ասաց, թե ինչու եք եկել այստեղ, որ ինչ անեք, եթե ասելիք ունեք՝ ասեք։

Նա մերժում է Մինսկի խմբի աշխատանքները, մենք, անշուշտ, ուզում ենք, որ Մինսկի խումբն ակտիվ լինի, Արցախի կարգավիճակը քննարկեն և այլն, բայց Մինսկի խումբը միջնորդական առաքելություն է իրականացնում կողմերի միջև, և եթե կողմերից մեկը չի ուզում համագործակցել, սա մեծ խոչընդոտ է Մինսկի խմբի համար։

Եվ եթե այսպես շարունակվի, սպասում եմ, որ մի օր էլ Ալիևը կհայտարարի, որ այլևս մերժում է Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումները, և չթողնի, որ այցելեն Բաքու և իր հետ հանդիպեն։ Այդ դեպքում այլևս անիմաստ կլինի Մինսկի խմբի աշխատանքները շարունակելը։

Մինսկի խմբի համանախագահ երկրներից ԱՄՆ-ն և Ֆրանսիան վերջին շրջանում բավականին ակտիվություն են դրսևորում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Անգամ ԱՄՆ դեսպանը Գեղարքունիքի մարզի սահմանային հատված էր այցելել։

– Խնդիրն այն է, որ մենք՝ հայերս, մեր ամբողջ պատմության ընթացքում միշտ սպասել ենք, որ դրսից ուժեր գան և մեզ փրկեն, մենք միշտ փրկիչ ենք փնտրում։ Երբ հայերն ապրում էին Օսմանյան կայսրությունում և ասում էին, որ մենք քրիստոնյա ենք, Եվրոպան քրիստոնյա է, Եվրոպայի քրիստոնյա երկրները կգան և մեզ կփրկեն, բայց արդյունքում ոչինչ էլ չարեցին, իսկ մենք ցեղասպանության զոհ դարձանք, որևէ մեկը չմիջամտեց։

Վերջին տարիներին ունենք Ռուսաստանի աջակցությունը և սպասում էինք, որ Ռուսաստանը որպես դաշնակից կարձագանքի, մեր կողքին կկանգնի, բայց նրանք ասացին, որ Արցախը Հայաստանի մաս չի կազմում, և մենք որևէ պարտավորություն չունենք Արցախի պատերազմին միջամտելու, ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանների համար է։

Բայց վերջին ամիսներին, երբ ազերիները ոտնձգություններ թույլ տվեցին Հայաստանի սահմանների նկատմամբ, անգամ այդ դեպքում ռուսները տեղից չեն շարժվում՝ ասելով, թե նստենք, խոսենք, ճշտենք սահմանները։ Բայց ազերիները ոչ միայն սահմանն են անցել, այլև ամեն օր կրակում են, զոհեր ենք տալիս, մեր սահմանամերձ գյուղերն են վտանգված, և դարձյալ չկա որևէ մեկը, որ մեզ օգնի։

Ինչ վերաբերում է վերջին օրերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի դրական արձագանքներին, որ Մակրոնը խոստացել է շուտով Հայաստան այցելել, Բայդենը հայամետ դիրքորոշում ունի, բայց ես վախենում եմ, որ այս բոլորը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ հայտարարությունները մնան խոսքի մակարդակում, խոսքից գործի չեն անցնում, մենք գործնական որևէ քայլ չենք տեսնում։

Ի՛նչ պետք է անեն՝ զորքե՞ր պետք է ուղարկեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ, և ոչ էլ կարող են խաղաղապահ ուժեր ուղարկել, քանի որ ռուսներն այդ ոլորտում մոնոպոլիա ունեն, զինադադարը նրանց միջնորդությամբ հաստատվեց, և նրանք հայտարարում են, որ դեմ չեն Մինսկի խմբին։

Մեր ժողովուրդը չպետք է շատ խանդավառվի Ֆրանսիայի հայանպաստ հայտարարություններով, որովհետև մեկ ուրիշ պատճառ էլ կա. երբ ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահները որևէ լավ խոսք են ասում Հայաստանի մասին, պետք է հասկանանք, որ Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների նպատակը Հայաստանը չէ, որովհետև Հայաստանն իրենց համար այդքան էլ կարևոր երկիր չէ, փոքր է:

Նրանք այդ հայանպաստ հայտարարություններն անում են, որովհետև իրենց երկրում ունեն բավական մեծ թվով հայեր և սպասում են, որ ընտրություններին հայերն իրենց քվեն իրենց կտան, այսինքն՝ ուզում են սիրաշահել երկրի հայ քաղաքացիներին, քան Հայաստանին օգտակար լինելու հանգամանքը:

Մանե Հարությունյան

MediaLab.am