Բացահայտվել է Մարիաննա Սահակյանից կացարանը հափշտակած անձի ինքնությունը․ Դատախազություն

Քաղաքացի Մարիաննա Սահակյանը 2022 թվականի մայիսին Գլխավոր դատախազության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել՝ դժգոհելով անարդարությունից, հովանավորչությունից և խնդրելով քայլեր ձեռնարկել իր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հետևողական լինելով ենթադրյալ հանցավոր ոտնձգության արդյունքում տուժած անձի իրավունքների պաշտպանության հանձնառությանը՝ դատախազական գործիքակազմի կիրառմամբ, ձեռնարկվել են միջոցներ՝ տևական ժամանակ քննվող քրեական վարույթով առերևույթ հանցանք կատարած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:

Դատախազական խմբի հսկողության ներքո գտնվող քրեական վարույթով կատարված վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել է Մարիաննա Սահակյանից կացարանը հափշտակած անձի ինքնությունը:

Մասնավորապես, պարզվել է, որ Մ.Կ.-ն, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով, գոյություն չունեցող կեղծ տվյալներ ներկայացնելով, ինչպես նաև ապագայում սպասվող իրադարձությունների կապակցությամբ տուժողին մոլորության մեջ գցելով, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և համատեղ եկամուտ ստանալու պատրվակով, տուժողից խաբեությամբ հափշտակել է վերջինիս բնակարանի վաճառքից գոյացած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 40 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 մլն ՀՀ դրամը:

Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Մ.Կ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում, որն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

16.10.2022 թ. Մ.Կ.-ն ձերբակալվել է. նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է: Մ.Կ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ի դեպ, կալանավորված անձը դատախազ Աշոտ Կոստանյանի  որդին է։