Ներկը ճաքճքված է, սառնարանները, գազօջախները պիտանի չեն, օդափոխման համակարգ չկա. ինչո՞ւ է մեկ անձից գնում կատարվում ԱԺ բուֆետի նորոգման համար

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը պնդում է՝ Հայաստանում մեկ անձից գնման ընթացակարգով պետական գնումները չարաշահում են: 

«Բերում են ընդհանուր մի բան հղում են անում «Գնումների մասին» օրենքի համապատասխան կետին, ասում՝ առաջացել է անհետաձգելի պահանջ, ու կազմակերպում մեկ անձից գնում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Վարուժան Հոկտանյանը: 

Երկար տարիներ մեկ անձից գնում կազմակերպելու գործընթացը Հայաստանի պետական գնումների ամենախոցելի կետն է եղել: Սովորաբար տարածված է տեսակետ, որ մեկ անձից գնում կազմակերպվում է այն ժամանակ, երբ գնման գործընթացին մասնակից ընկերությունը այս կամ այն պաշտոնյայի կամ գերատեսչության հովանավորությունն է վայելում:

Մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը ի թիվս այլ պահանջների սահմանում է՝ մեկ անձից գնում կարող է կատարվել, երբ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ:

Այս անգամ մեկ անձից գնման ընթացակարգով Կառավարության որոշմամբ կիրականացվի Ազգային ժողովի ճաշարանի վերանորոգումը: Կառավարություն ներկայացրած հիմնավորմամբ՝ ԱԺ աշխատակազմը նախատեսում է Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ իրականացնել՝ ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հանրային սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան: 

Խորհրդարանը գործող բուֆետի նկարագրության մեջ նշել է, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ՝ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգ, ինչի պատճառով տհաճ հոտերը չեն հեռացվում: 

Բուֆետի վերանորոգման համար ծախսվող 31 մլն դրամը, ըստ հիմնավորման, Ազգային ժողովում արտասահմանյան գործուղումների համար չծախսված միջոցների հաշվին է լինելու: ԱԺ-ից շեշտում են՝ պետական բյուջեի համար բուֆետի նորոգումը լրացուցիչ բեռ չէ:

Վարուժան Հոկտանյանն ասում է՝ տարօրինակ է՝ չգիտեի՞ն, որ պետք էր նախապես կազմակերպել գործընթացը՝ սովորական ընթացակարգով գնման մրցույթ հայտարարել, և մրցակցային պայմաններում հաղթած ընկերությունը կիրականացներ ԱԺ ճաշարանի վերանորոգումը:

«Սա նշանակում է սխալ կառավարում, ոչ էթիկական մոտեցում է: Իսկ գուցե իրենց ծանոթ-բարեկամներին են ուզում այդ գործընթացը վստահել: Ամենակարևորն այստեղ այն է, որ մրցակցության սկզբունքը խախտվում է: Մեկ անձից գնումը ենթադրում է արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած գնում, իսկ ինչքանով տեղյակ եմ՝ Ազգային ժողովում երկրաշարժ տեղի չի ունեցել»,- ասում է Հոկտանյանը: 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-քարտուղար Վահան Նարիբեկյանն ասում է՝ մեկ տարի շարունակ փորձել են սովորական գնումների ընթացակարգով կազմակերպել վերանորոգման ծառայության գնման գործընթացը, սակայն՝ ապարդյուն: 

«Ուղիղ մեկ տարի այդ գնման մրցույթը կազմակերպելու մեր փորձերը անհաջողությամբ պսակվեցին: Ուղիղ մեկ տարի, և միակ լուծումը մեկ անձից գնում կազմակերպելն էր»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Նարիբեկյանը: 

Նրա խոսքով՝ այս դեպքում մեկ անձից գնումը ավելի բյուջետային է, քիչ ծախսատար: «Կրկնակի մատչելի է մեկ անձից գնման դեպքում, բացի այդ՝ արագ ու որակով»,- ասում է Նարիբեկյանը: 

Ո՞վ է, ի՞նչ ընկերություն է միակ մասնակիցը հարցերին Նարիբեկյանը չի պատասխանել՝ ասելով, որ որոշման հիմնավորումների մասին ավելի խորքային կարող են պատասխանել գրավոր հարցման դեպքում: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am