2021-ին շուրջ 30 բժիշկ է գործուղվել Արցախ

2021 թվականին շուրջ 30 բժիշկ է մասնակցել «Բժիշկները Արցախի համար» ծրագրին, որի շրջանակներում Հայաստանի բժշկական կենտրոնների առաջատար բժիշկները գործուղվել են Արցախի տարբեր շրջաններ՝ իրականացնելու մասնագիտական պարտականություններն առնվազն 2 շաբաթ, առավելագույնը՝ 1 տարի։ Գործուղման ավարտին նրանց փոխարինել է բժիշկների հերթական խումբը։ 

Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ, «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը մեկնարկել է 2021թ․ ապրիլին՝ նպատակ ունենալով լրացնել պատերազմից հետո ԱՀ առողջապահության համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը, ինչպես նաեւ իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ լսարանային եւ առցանց ձևաչափով, կազմակերպելով վարպետության դասեր տեղի եւ արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։

Ծրագրի մասին պատմող ֆիլմում բժիշկները խոսել են Արցախում իրենց տպավորությունների, աշխատանքային առօրյայի ու կարիքների մասին՝ հատկապես մասնագիտական ռեսուրսների ուղղությամբ։

«Հենց մուտքն Արցախ ինձ համար շատ մեծ ցավ էր, բայց ես հասկացա, որ պետք է լինել ուժեղ։ Ես Արցախում տեսա մարդկանց, ովքեր իսկական հայրենասեր են ու պատրաստ են իրենց հողը պաշտպանել։ Ես նման մարդկանց տեսա, աշխատեցի նրանց հետ, նրանցից վերցրեցի նաեւ օրինակ, թե ինչպես պետք է լինի հայի տեսակը», – նշել է ակնաբույժ Օֆելիա Գինոյանը։

Սրտաբան Անի Ռափյանն էլ շեշտել է ծրագրի կարեւորությունը, որը համակարգում է տվյալ բժշկական հաստատության կարիքն ու բժշկի ցանկությունը։ «Ես, որպես բժիշկ, կարող է շատ մեծ ցանկություն ունենամ գնալու, աշխատելու, բայց շատ կարեւոր է, որ կա ծրագիր, որը համակարգում է քո ցանկությունները, պահանջները, անհրաժեշտությունը, այսինքն՝ երբ դու գնում ես մի տեղ, որտեղ դու պետք ես»։