Սերժ Սարգսյանը սխալվում է. 2016-ին ընդամենը մեկ երկիր է դատապարտել Ադրբեջանի ագրեսիան․ Fip.am

Հեղինակ MediaLab

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ի տարբերություն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, միջազգային հանրությունը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հարձակվողական գործողությունների վերաբերյալ որևէ դատապարտող հայտարարություն չի հնչեցրել։

«Այստեղ բան չկա էլի զարմանալու, թե ինչու որևէ մեկը այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողություններ վերսկսելը։ Հիշո՞ւմ եք, չէ՞, 16 թ․-ի ապրիլը, երբ որ միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի հարձակվողական գործողությունը»,- նշել է նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչպես է միջազգային հանրությունը, այդ թվում՝ միջազգային կառույցները և երկրները, դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված երկու պատերազմները։

Ադրբեջանին հասցեական դատապարտելու կոչ ուղղել է միայն Կիպրոսը

Ինչպես 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի, այնպես էլ 2020-ի պատերազմի ժամանակ ռազմական գործողությունները դատապարտելու կոչեր եղել են տարբեր երկրների ու կառույցների կողմից, սակայն պաշտոնական մակարդակով Ադրբեջանին դատապարտող հասցեական կոչով հանդես է եկել միայն Կիպրոսի Հանրապետությունը։

2016-ի ապրիլի 4-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հայտարարություն՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստները։ Մասնավորապես, Կիպրոսի արտաքին գործերի նախարարը մեղադրել էր Ադրբեջանի կառավարությանը հրադադարի ռեժիմի խախտման մեջ և նշել. «Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ»։ Միաժամանակ, Կիպրոսի ԱԳՆ-ն հորդորել էր Թուրքիային զերծ մնալ որևէ գործողություններից և հայտարարություններից, որոնք ապակայունացնում են իրավիճակը:

Նմանատիպ դատապարտող հայտարարություն 2020 թ․-ի արցախյան պատերազմին ևս եղել է Կիպրոսի կողմից։ Այդ երկրի ԱԳՆ-ն սեպտեմբերի 27-ին հաղորդագրություն տարածեց, որում խորը մտահոգություն էր հայտնում Արցախում լարվածության բարձրացմամբ և դատապարտում Ադրբեջանին՝ հրադադարը խախտելու համար։ Կիպրոսից բացի, միայն Ֆրանսիան է դատապարտող հայտարարություն արել։ 2020-ի սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր. «Քանի որ արդեն պարզվել է, որ հրետակոծությունն իրականացվել է Ադրբեջանի կողմից, ես պահանջեցի, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի, և հստակորեն դատապարտեցի այդ քայլը»: 

Հատկանշական է, որ ապրիլյան պատերազմից հետո՝ 2016-ի ապրիլի 9-ին, նախատեսվում էր բողոքի ցույց՝ ընդդեմ միջազգային հանրության լռության։ Ցույցի նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում էր. «Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և ադրբեջանական կողմի գործողությունների մեջ»։

Նշենք, որ միջազգային հանրության կոչերը, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ 2020-ին, հիմնականում ուղղված են եղել երկու երկրներին՝ հաստատել հրադադար և երկխոսություն սկսել։ Մի քանի երկիր էլ աջակցություն էր հայտնել Ադրբեջանին և դատապարտել Հայաստանին։ Այսպիսով, նախկին նախագահի պնդումը, թե 2016-ին միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի գործողությունը, սխալ է։

www. fip.am