«Անհրաժեշտ է կոմպլեքս լուծում. անտառները փակելը կարող է ծայրահեղ միջոց լինել». Իրինա Հովհաննիսյան

Թուրքիան շարունակում է պայքարել հրդեհների դեմ. 5 անտառային հրդեհների մարումը շարունակվում է Թուրքիայի հարավում։ Անտառային հրդեհներին զոհ է դարձել 8 քաղաքացի, տուժել է 864-ը: Հայաստանն ապահովագրված չէ հրդեհներից։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ օգոստոսի 6-ից ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարական ջոկատները ուժեղացված ծառայություն են իրականացնում, որպեսզի արագ արձագանքում լինի։ Այս պահին, նրա խոսքով` հրդեհի որևէ օջախ չկա։ Այնուամենայնիվ, անտառները փակելու հետ կապված քայլեր չեն իրականացվում: «Անտառները փակելու հետ կապված որոշում չկա»,- նշեց Փամբուխչյանը։

Խնդրի հետ կապված «Մեդիալաբը» զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Իրինա Հովհաննիսյանի հետ։

– Տիկին Հովհաննիսյան, այս փուլում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը հրդեհներից խուսափելու համար։

– Բոլոր անտառտնտեսությունները, անկախ նրանից, թե որտեղ ինչ իրավիճակ է անտառների հետ կապված, սովորաբար գարնանը սկսում են կազմել այդ տարվա հրդեհների արձագանքման պլանները։ Դա փաստաթուղթ է, որը կազմվում է ԱԻՆ-ի հետ համատեղ, և երկու կողմից էլ հաստատվում է։ Այն կոչվում է «Հրդեհների արձագանքման պլան», բայց, ըստ էության, այն բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումներ է իր մեջ ներառում, որոնք օգնում են կանխարգելել։

Եվ այս պլան-փաստաթուղթն անտառային տարածքները դասերի է բաժանում, այսինքն՝ ըստ հրդեհավտանգության աստիճանի, և բոլոր միջոցառումները դրա հետ են կապված։ Ներառված են զուտ տարածքային քարտեզներ, քարտեզագրված է՝ որտեղ ինչ աղբյուրներ կան, ինչ նյութատեխնիկական ռեսուրսներ ունեն անտառտնտեսությունները, ինչ մարդկային ռեսուրսներ կան, կապեր կան, ճանապարհներն ինչ վիճակում են, որպեսզի եթե խնդիր առաջանա, կարողանանք համալիր մոտեցում կիրառել։

Իրականում բոլոր անտառտնտեսություններն ունեն համապատասխան գույք, որովհետև անտառների պահպանությունը առանձին բլոկ է, որը շատ է կարևորվում, և անտառտնտեսությունները ունեն թե՛ մանր-մունր՝ հրդեհակայուն ձեռնոցներ, համազգեստ, բացի այդ, կա հատուկ տեխնիկա, բաքեր։ Մենք, օրինակ` ունենք պոմպերով, իր առանձին լոկալ սնուցման համակարգով, և երբ կարիք է լինում, դրանք օգտագործվում են։

– ԱԻՆ-ը նշում է, որ ուժեղացված հսկողություն է իրականացվում։ Արդյոք միայն ուժեղացված հսկողություն իրականացնելը ճի՞շտ է և արդյունավետ։

– ԱԻՆ-ը, այո՛, ճիշտ է ասում, որ իրականացվում է ուժեղացված ծառայություն, քանի որ նախ՝ մեզ հետ են անընդհատ կապի մեջ, երկրորդ՝ բնակչությանը մոբիլիզացրել են, և եթե անգամ մի փոքր ծուխ է լինում, ԱԻՆ-ն էլ, մենք էլ իմանում ենք այդ մասին։ Բացի այդ, մարզպետարաններում համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվել, որոնց անդամակցում են նաև անտառտնտեսությունները։

– Արդյոք չպե՞տք է քննարկվի անտառները ժամանակավորապես փակելու տարբերակը հնարավոր հրդեհներից խուսափելու համար։

Սա կարող է ծայրահեղ միջոց լինել, և, իմ կարծիքով, հնարավոր չի լինի տոտալ վերահսկողություն սահմանել դրա հանդեպ: Բայց մենք հասկանում ենք, որ այն տեղերը, որտեղ զբոսաշրջիկներ կան, այնտեղ, որտեղ մարդիկ սովորաբար հանգստանում են, հրդեհավտանգ իրավիճակը շատ ավելի զգայուն է, քան մնացած տեղերում, որովհետև, որպես կանոն, չեն հանգցնում օջախը, որ վառում են խորոված անելու համար, շպրտում են ծխախոտի գլանակը, և շատ հնարավոր է, որ հրդեհը ոչ թե իրենց ներկայությամբ բռնկվի, և իրենք կարողանան կանխարգելել, այլ մի թեթև քամու դեպքում չհանգած բռնկվի։

Ամեն դեպքում, անհրաժեշտ է կոմպլեքս լուծում, մարդկանց իրազեկում և ուժեղ վերահսկողություն։ Անտառները փակել-չփակելու հետ կապված չեմ կարող ասել, բայց անտառապահները որ այդ հատվածներում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան մնացած տեղերում, ինչը մեզ համար բարդություններ է ստեղծում, քանի որ անտառապահը չպետք է կանգնի, տեսնի՝ որտեղ ծխախոտի մնացուկ շպրտեցին։ Բայց հաշվի առնելով այն, որ շատ անկայուն է իրավիճակը, նաև դրան ենք պատրաստ։

Մանե Հարությունյան

MediaLab.am