«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը
– Տիկի՛ն Աբգարյան, ինչպե՞ս եք գնահատում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու որոշումը:
– Չեմ թաքցնի, որ եղել եմ այն մարդկանցից մեկը, որն ամեն կերպ Հայկ Մարությանին խնդրում էր մտնել ընտրապայքարի մեջ, ուստի ողջունում եմ նրա որոշումը ու կարող եմ ասել, որ հաստատ այս ընտրապայքարը շատ ավելի հետաքրքիր ու ինտրիգային դարձավ:
– Իսկ ինչո՞ւ էիք այդքան ուզում, որ Մարությանը ընտրապայքարի մեջ մտնի:
– Որովհետև տեսնում էի, թե ինչ է կատարվում քաղաքում նրանից հետո: Տեսնում էի խայտառակ հետընթաց տարբեր ոլորտներում, բայց ամենակարևորն ինձ համար թափանցիկ ու ժողովրդավար կառավարումն էր, ինչը գոյություն չուներ: Ես տեսնում էի, թե ինչպես է երևանցու քվե չունեցող մարդն իրեն դրել քաղաքապետի տեղ, ինձ համար դա վիրավորական էր: Այդ երևույթը վիրավորական պետք է լիներ բոլոր երևանցիների համար, և ես օրերն եմ հաշվում, թե ե՛րբ է այս մղձավանջը վերջանալու, ու երբ երևանցին կրկին կունենա ընտրված քվեով քաղաքապետ ու աշխատակազմ:
– Տիկի՛ն Աբգարյան, որ դժգոհում եք ոչ թափանցիկ կառավարումից, կոնկրետ փաստեր կներկայացնե՞ք, թե որ դեպքերում է, որ քաղաքապետարանը թափանցիկ չի գործել:
– Տիգրան Ավինյանի մուտքի հետ սկսվեց հենց այդ խնդիրը, նույնիսկ Հրաչյա Սարգսյանի օրոք ես երբեք տեղեկատվություն ստանալու խնդիր չեմ ունեցել: Իմանալով հանդերձ, որ ես կարող եմ տեղեկատվությունը հրապարակել, փոխանցել քաղաքացիներին, ամեն դեպքում օրենքի տառը պահպանվում էր, ու ինձ տրամադրվում էր տեղեկատվությունը, որն ուզում էի:
Տիգրան Ավինյանի կառավարումից ի վեր ինձ համար սկսվեց մղձավանջը, որովհետև երբ ես խնդրում էի ֆինանսական տեղեկատվություն, օրինակ՝ որքա՞ն գումար է բյուջեից ծախսվել այսինչ շինարարության համար, կամ ո՞ր ընկերությունն է հաղթել մրցույթում, ինձ տրվում էր տեղեկատվություն, հենց նույն Կենտրոնի բակերի մասով, որ նորոգվել է վեց բակ, կա նորոգման նախագիծ, և չէր տրվում ֆինանսական տեղեկատվությունը:
Նույն տեղեկատվությունը չտրվեց նաև գործուղումների մասով, այսինքն՝ բացահայտ անտեսում են հաշվետու լինելու իրենց պարտավորությունը, նրանք խախտում են օրենքը, քանի որ ավագանու անդամը հենց օրենքով պետք է վերահսկի համայնքային ծախսերը: Եթե այս մարդիկ, իմանալով հանդերձ, որ խախտում են օրենք, ակամայից մտածում ես, որ թաքցնելու բան ունեն:
– Միայն ձե՞զ չեն տրամադրում պահանջած տեղեկությունները, թե՞ ավագանու մյուս անդամներին ևս:
– Ես չգիտեմ՝ արդյոք ավագանիում մյուս անդամները դիմում են, թե չէ, արդյոք նրանց այդ ամենն ընդհանրապես հետաքրքրում է, թե ոչ, որովհետև այն ահազանգերը, որոնք ես նաև նիստի ժամանակ էի հնչեցնում, որովհետև մրցույթներում կային հստակ կոռուպցիոն ռիսկեր, ընթացակարգի հստակ խախտումներ, ավագանու որևէ անդամ չի միացել իմ այդ հարցադրումներին, առհասարակ կատարյալ անտարբերություն են ցուցաբերել:
Ես գիտեմ նաև, որ նույն կերպ պատասխանում են քաղաքացիներին, երբ դիմում են իրենց, ասում են՝ կոմերցիոն գաղտնիք է, չեն կարողանում տեղեկություններ ստանալ կրկին շինարարության վերաբերյալ:
– Նման գործելաոճը Տիգրան Ավինյանից հետո՞ է օրինաչափ դարձել քաղաքապետարանի համար:
– Այո՛, հարցնում ես՝ ինչո՞ւ չեք տալիս տեղեկատվությունը, նայում են դեմքիդ ու լռում, իբր արհամարհում են, բայց դա ընդամենը օրենքի խախտում է, հաշվետվողականության ու թափանցիկության կոպիտ խախտում է:
Սրանից զատ՝ անհանգստանում եմ նաև խայտառակ կադրային քաղաքականության համար, երբ տեսնում եմ, թե ում են իրենք բերում քաղաքապետարան, ինձ համար դա իսկապես սարսափ է:
– Ծանոթ-բարեկամների՞ մասին է խոսքը, թե՞ գործից անտեղյակ մարդկանց, տիկի՛ն Աբգարյան:
– Նախ՝ գործից անտեղյակ, երկրորդ՝ անցյալում որոշակի խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց պետք չէ վստահել նման պաշտոն, նաև որոշակի կապեր ունեցող մարդկանց, ու սա առհասարակ, ակնհայտ էր դարձնում, որ քաղաքապետարանի թիմը կառուցվում է ոչ թե մասնագիտական առումով, այլ՝ ով ում մարդն է, ով ում հավատարիմն է սկզբունքով: Ինչի հետևանքը մենք այս ընթացքում տեսանք, տեսանք, որ իրենք քաղաքը գցեցին իրենց ոտքերին. աղբահանության կինոն տեսանք քաղաքում, երբ միանգամից տասնյակից ավելի մեքենաներ փչանում են, աշխատողների հետ են խնդիրները կապված, և այսպես շատ տարբեր ոլորտներում:
– Ենթադրում եմ, որ մասնակցելու եք ավագանու ընտրություններին Հայկ Մարությանի թիմի հետ միասին, ճի՞շտ եմ:
– Անշուշտ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունն» է:
– Տիկի՛ն Աբգարյան, Մարությանի հաղթելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում:
– Եթե ՔՊ-ն մտադիր չլիներ վարչական լծակներ կիրառելու, կթողներ, որ մինչև վերջ Հայկ Մարությանը մնար, բայց Տիգրան Ավինյանին օր առաջ բերելը ակնհայտ դարձրեց այդ նպատակը: Կադրային քաղաքականությունը ևս այդ մասին էր խոսում՝ սկսած մանկապարտեզներից, պոլիկլինիկաներից, ես կասկած չունեմ, որ կիրառելու են, բայց չեմ կարծում, թե վարչական լծակ կոչվածը մարդուն կարող է հաղթանակ բերել, ու այդ առումով ՔՊ-ի շանսերը բավականին խարխուլ են:
Մարությանի մասով՝ այն, ինչ կատարվում է հայտարարությունից հետո, ես շանսերը բարձր եմ գնահատում, որովհետև մինչև տուն եմ հասել, փողոցում՝ սկսած վաճառողներից, վերջացրած տեղեկացված մարդկանցով, մոտենում են ու ասում՝ բարի լուր, աչքներս լույս:
Ես կարծում եմ, որ այդ մարդիկ կանեն իրենց գործը, պետք է կարողանանք հաղթել վարչական լծակներին, մեր երևանցիներին բացատրել, որ եթե ճնշումների տրվեն՝ նշանակում է, որ ուզում են ամենավատը վերադառնա, այն, ինչի դեմ դուրս էին եկել պայքարի: Այս ուղերձը պետք է հստակ տրվի ժողովրդին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am