Նախապես պատվիրված բոլոր փաթեթները իրանցիները չեղարկել են ԱՆ-ի որոշման պատճառով. տուրիստական ընկերության հիմնադիր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը

– Պարո՛ն Բլեյան, քանի որ հիմնականում իրանական ուղղությամբ եք աշխատում, կխնդրեմ ասեք, թե վաղը՝ հուլիսի 15-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նոր որոշումն ինչպե՞ս կանդրադառնա իրանցիների հոսքի վրա դեպի Հայաստան:

– Այդ նոր որոշման հետևանքով բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Փաթեթները, որոնք նախապես ամրագրված էին, Իրանի քաղաքացիները հիմա հետ են վերցնում: Մարդիկ փաստի առաջ են կանգնել, պատկերացնո՞ւմ եք՝ տասը օրը քաղաքացու համար ինչ մեծ գումար է արժենալու: Տասը օր պարտադրված Հայաստանում մնալը մեծ ծախս է իրանցիների համար: 

Իրանցիների գալը ֆինանսական մեծ հոսք էր ապահովում մեր երկրի համար, իսկ հիմա մեր պատկան մարմինները արհեստական խոչընդոտ են ստեղծում: Իրավունք չեմ վերապահում ասել՝ ճիշտ են անում, թե սխալ, բայց խնդիրն այն է, որ այդ որոշումը միանգամից հրամցվեց: 

Սկզբում ասացին, թե որևէ խնդիր չկա, Հայաստանը պատրաստ է օտարերկրացիներին ապահովելու անվճար պատվաստմամբ, մարդիկ ոգևորությամբ եկան, իսկ հիմա փաստի առաջ են կանգնել: Եթե նոր կարգ են սահմանում, ցանկալի կլիներ, որ որոշակի ժամանակ հատկացնեին այդ մարդկանց, ոչ թե միանգամից գործարկեին այդ փոփոխությունը: 

– Այսինքն՝ այս փոփոխությունից ելնելով՝ այն իրանցիները, որոնք նախօրոք փաթեթներ էին ամրագրել, հիմա հե՞տ են վերցնում դրանք:

– Այո՛, նախօրոք ամրագրած 3-5-օրյա փաթեթները վերադարձրել են արդեն: Հարևան Վրաստանն ու Թուրքիան՝ տեսնելով, որ Հայաստանում այս վիճակն է, իրանցիներին առաջարկում են Հայաստանի փոխարեն գնալ և իրենց երկրում պատվաստվել, ակնհայտ է, որ իրանցիների հոսքը թեքվելու է դեպի այդ երկրներ:

– Պարո՛ն Բլեյան, փաստորեն, առողջապահության նախարարության այս որոշումը Հայաստանում զբոսաշրջությունը խթանելու փոխարեն՝ խոչընդոտե՞ց:

– Իհարկե, միանշանակ, լրիվ հակառակ քայլը կատարեցին: Եթե այդ որոշումը մասնագիտորեն արդարացված է, կրկնում եմ՝ գոնե պետք է որոշումն ուժի մեջ մտներ որոշ ժամանակ հետո, ոչ թե միանգամից: 

Մարդկանց փաստի առաջ կանգնեցրին, տեսել եք, թե ինչ վիճակ է այդ շրջիկ կետերի մոտ, մարդիկ գիշերում են փողոցում, որ պատվաստման համար հերթ ունենան, իսկ դա Հայաստանի կողմից շատ տգեղ վերաբերմունք է իր երկիր այցելած զբոսաշրջիկի նկատմամբ:

Իսկ կոնկրետ թվային տվյալներ կարո՞ղ եք ներկայացնել, թե քանի իրանցի է չեղարկել Հայաստանում ամրագրած փաթեթները:

– Թվային տվյալներ դեռ չեմ կարող ներկայացնել, բայց գրեթե բոլորը, հավատացեք, չեղարկել են փաթեթները: Միանշանակ է, որ հոսքը նվազելու է, որովհետև իրանցիների հիմնական մասը Հայաստան էր գալիս պատվաստվելու նպատակով, իսկ մեր երկիրն այս պահը, որ կարող էր օգտագործել, ըստ էության, չօգտագործեց, իսկ հարևան երկրները այդ հնարավորությունը բաց չեն թողնելու ու իրանցիների հոսքն ուղղելու են իրենց երկրներ:

– Պարո՛ն Բլեյան, Իրանի քաղաքացիներն ասո՞ւմ են, որ փաթեթների չեղարկման պատճառը կոնկրետ այդ փոփոխությունն է:

– Այո՛, իհարկե: Մարդը փաստացի գալիս է պատվաստվելու, 2-5 օր մնալու համար, բայց չի պատրաստվում ստիպված տասն օր մնալ, քանի որ դա լրացուցիչ ծախս է:

– Իսկ տուրիստական այլ կազմակերպությունների ձեր գործընկերները և՞ս այս խնդրի առաջ են կանգնել:

– Այո՛, այս փոփոխությամբ բոլորս ենք անհանգստացել, քննարկել ենք, հանդիպել ենք պատկան մարմինների հետ, զգուշացրել հնարավոր հետևանքները, բայց՝ անօգուտ: Մյուս կազմակերպություններում էլ նախապես պատվիրված բոլոր փաթեթները չեղարկվում են: Ի՞նչ տարբերություն, թե որ կազմակերպությունն է, խնդիրը նոր որոշումն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am