Հայաստանը կարո՞ղ է դառնալ «կարմիր գոտի»․ ԱՆ-ից ասում են՝ մտահոգվելու առիթ չկա

A mobile vaccination group formed in cooperation with the Ministry of Health and Yerevan Municipality was located on Northern Avenue of Yerevan, Armenia

Հայաստանում վերջին ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հաճարակային իրավիճակը կառավարելի է եղել, ինչի պատճառով էլ մեր երկիրը այժմ գտնվում է «կանաչ գոտում»։ Փոխարենը հնդկական նոր տեսակի (Դելտա) շտամը ակտիվորեն տարածվում է մեր հարևան երկրներում, ինչպես նաև՝ Իրանում, որն այժմ «կարմիր գոտի» է համարվում։ Այս երկրից դեպի Հայաստան իրանցիների ակտիվ ներհոսք կա, ինչը կարող է «Դելտա»-ի տարածման հիմք հանդիսանալ։

Սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունից «Մեդիալաբին» վստահեցնում են, որ մտահոգվելու և խուճապի մատնվելու որևէ առիթ չկա, թե իրանցիների մեծաքանակ հոսքը դեպի Հայաստան կարող է համավարակի նոր ալիքի բռնկման առիթ հանդիսանալ։

«Իրավիճակը վերահսկելի է»,- «Մեդիալաբին» ասում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Նշենք, որ մայրաքաղաքում գործող պատվաստման շրջիկ կենտրոնների մոտ այս օրերին երկար ու մարդաշատ հերթեր են․ հարևան Իրանից քաղաքացիները Հայաստան են ժամանում՝ համավարակի դեմ անվճար պատվաստվելու նպատակով, քանի որ իրենց երկրում պատվաստվելն այդքան հասանելի չէ, որքան Հայաստանում։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստան ժամանողների համար գործել և գործում է նույն կարգը, որի համաձայն՝ յուրաքանչյուր անձ կա՛մ պետք է ունենա պատվաստումը հաստատող փաստաթուղթ, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հաավաստող փաստաթուղթ։

Իրանցիները ևս բացառություն չեն, նրանց մուտքը Հայաստան թույլատրվում է բացառապես ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում։

«Մենք ունենք բավարար քանակի պատվաստանյութ։ Եթե հիշում եք, Առողջապահության նախարարն էլ հայտարարեց, որ պատրաստվում ենք «Ջոնսոնսի» և «Նովովաքսի» մեծ քանակի դեղաչափեր ներկրել։ Անցակետերում և քաղաքի պատվաստումների կետերում իրանցիների հերթերը պայմանավորված են նախարարի վերջին որոշմամբ, որի համաձայն՝ օտարերկրացիներից պատվաստման իրավունք կունենան այն անձինք, ովքեր տասը և ավելի օր ապրում են Հայաստանում, այսինքն՝ առնվազն տասը օր պետք է մնան Հայաստանում, որ կարողանան պատվաստվել»,- ասում է Հռիփսիմե Խաչատրյանը։

Նախարար Անահիտ Ավանեսյանի այս որոշումը ուժի մեջ կմտնի հուլիսի 15-ից, իսկ տասը օր մնալու մասին պահանջը, խոսնակի փոխանցմամբ, պայմանավորված է, իրենց վարած ճկուն քաղաքականությամբ՝ հերթերից խուսափելու նպատակով։

«Օտարերկրացիներն իրավունք ունեն պատվաստվել միայն շարժական կայաններում, որովհետև պոլիկլինիկաներում հերթերը շատ էր լինում և ընդհանուր աշխատանքը տուժում էր»,-ասում է մամուլի խոսնակը։

Խաչատրյանի խոսքով՝ իրանցիների համար օրական 35-40 հոգու պատվաստելու հնարավորություն կա։ Ինչ վերաբերում է Հայաստանում ընդհանուր պատվաստվածների թվում օտարերկրացիների թվին, ըստ Խաչատրյանի, նման ցուցանիշ ներկայացնելն իրականում շատ դժվար է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am