«Կարմիր գոտում» հայտնված Իրանից քաղաքացիները պատվաստվելու են գալիս՝ խուճապից դրդված․ Իրան-Հայաստան սահմանին խիտ հերթեր են

Լուսանկարը՝ իրանագետ Տիգրան Դավուդյանի Ֆեյսբուքի էջից։

Հուլիսի 15-ից Հայաստանում օտարերկրացիների պատվաստման համար կարգը փոխվելու է, օտարերկրացիները նախ պետք է 10 օր անցկացնեն Հայաստանում և հետո միայն կկարողանան պատվաստվել, ինչի հետեւանքով Երեւան-Իրան սահմանին գոյացել են հերթեր, հազարավոր մարդիկ սպասում են, որ մինչ այդ մտնեն երկիր, հասցնեն պատվաստվել և հետ վերադառնալ։

Իրանում վիրուսի հետևանքով առաջացած խուճապը և սահմանափակ տրամադրվող պատվաստանյութը հանգեցրել են նրան, որ իրանցիները երկրից դուրս են փնտրում պատվաստվելու տարբերակ։ Այս առումով ամենից հարմար պայմանները Հայաստանն է ընձեռում,- ասում է 37-ամյա ազգությամբ պարսիկ Ամիրը և հավելում, որ դա էլ իր հերթին վտանգավոր է դառնում տեղի բնակչության համար՝ հատկապես «Դելտա» շտամի տարածման առումով։

«Դուբայը թողնում ա՝ մի շաբաթով գնան տուրիստականով, բայց թանկ ա, պարսիկի վիճակը լավ չի, պետք ա շատ փող ունենան, որ գնան, Թուրքիայում ով տուրիստական գնա, պատվաստում չեն անում, Վրաստանը չի թողնում պարսիկները գնան էնտեղ։

Ավտոբուսով, ավոտոներով գալիս են Հայաստան, ահավոր վիճակ է, կարող է թեստեր առնեն, որ վարակակիր չեն, գան, էդպես տարածվի՝ հատկապես «Դելտա» շտամը։ Արդեն Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը շատացել են, առաջ 40-50- էր, հիմա 150 հոգի»,- նշում է Ամիրը և ընդգծում, որ երկու երկրների կառավարությունները պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն՝ վիրուսի տարածումը կանխելու և մարդկանց օգնելու հարցում։

«Այսօր Իրանի նախագահն ասել է, որ հնարավոր է օրական 500․000 հոգի պատվաստում կանեն, բայց ինչի՞ մինչև էս չէին անում, երբ արդեն էսքան Հայաստան են գալիս, ու Հայաստանում էլ շատանում ա»։

Իրանում կորոնավիրուսային վիճակը լարված է, ըստ worldometers.info կայքի տվյալների՝ վերջին մեկ օրվա ընթացքում վիրուսով վարակվել է 16,596 մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3 միլիոնը։ Մինչ այս պահը վիրուսից մահացել է 85 հազար 543 մարդ։

Երկրում օրեցօր աճող հիվանդների թվի բարձրացման ֆոնին՝ հիվանդանոցներում տեղ ու դադար չկա, ասում է Ամիրը․  

«Եթե քարտեզը նայեք, Իրանի գրեթե բոլոր քաղաքները կարմիրով են նշված, կարմիր գույնը ամենավատն է։ Այնպիսի վիճակ է, որ եթե էնտեղ ծանոթ չունենաս, ոչ մի հիվանդանոցում չեն ընդունում, տեղ չկա»,- «Մեդիալաբին» մտահոգված ասում է Ամիրը։

Իրանում մի քանի օր է, ինչ հաստատվել է «Դելտա» շտամը, որն ավելի վարակիչ է, քան «սովորական» կորոնավիրուսը․ «Այդ շտամերը Աֆղանստան ու Պարսկաստան սահմանից է եկել, տարածվել Սիստան քաղաքում, այնուհետև՝ հասել մայրաքաղաք՝ Թեհրան, էդ քաղաքներում 146 հոգի արդեն դելտա 1 և դելտա պլյուս ունեն»,- նշում է Ամիրը։

Ամիրը Իրանում կորոնավիրուսի տարածումը պայմանավորվում է նրանով, որ նախ 89 միլիոն բնակչություն ունեցող երկրում պատվաստումները խիստ սահմանափակ քանակությամբ են արվում, և մարդիկ հացի խնդիր լուծելու համար դուրս են գալիս, շփվում ու այդպիսով տարածում հիվանդությունը, որը հազարավոր մարդկանց կյանքեր է խլել երկրում։

«Եվրոպայում կամ Ամերիկայում ամսական փող են տալիս, որ մարդիկ դուրս չգան, բայց Իրանում՝ եթե չաշխատեն, կմեռնեն, վարձերը թանկ ա, ամեն ինչը թանկ ա, ո՞նց կարան անեն, դրա համար հացի հետևից գնում են, բայց հիվանդության են հանդիպում։ Պետք է մի բան մտածել»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am