Պատգամավորներն առաջարկում են Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել «կարմիր գծերը»

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից  առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

«Հաջորդ տարվանից մոտ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` երկու լուսանկարի միջոցով: Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը»,- ասաց Գաբրիելյանը:

Օրենքի գործող կարգավորմամբ` «կարմիր գծեր» առկա են Երևանի բոլոր վարչական շրջաններում, իսկ քաղաքացիները խախտման դեպքում տուգանվում են երկու լուսանկարի առկայության դեպքում: