Արման Թաթոյանը ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագծի ընդունման դեպքում կդիմի ՍԴ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան, եթե Ազգային ժողովն ընդունի կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է: Այս նախագծի ընդունման դեպքում ես անմիջապես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ միանգամից միջնորդելու է կասեցնել այդ դրույթի գործողությունը, որովհետև կարծում է, որ այն խնդիրներ է առաջացնելու նաև երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար: