«Նոր էսկալացիայի գնալու Ադրբեջանի հակումը պաշտպանության բանակի կազմալուծման կամ Արցախի զինաթափման հարցն է». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

Պարո՛ն Սուրենյանց, հայաստանյան քաղաքական ու հասարակական դաշտում ակտիվ շրջանառվում է այն թեզը, որ ադրբեջանական կողմը նախապատրաստվում է ռազմական նոր էսկալացիայի: Դուք և՞ս այդ մտահոգությունն ունեք:

– Այդ մասին առաջիններից մեկն եմ եղել, որ ասել է, որովհետև Ադրբեջանի հետպատերազմյան մարտավարությունն ուսումնասիրելն ու որոշակի եզրահանգումներ անելը դժվար չեն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է սողացող պատերազմի մարտավարությունը:

Առնվազն երեք դեպք կարող եմ հիշեցնել, որ նա գնացել է կանխամտածված էսկալացիայի ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Պատերազմից անմիջապես հետո այդկերպ Ադրբեջանը լուծեց Հադրութի մի քանի գյուղերի խնդիրը, որի հետևանքով մենք նաև գերիներ ունեցանք:

Այս տարվա սկզբին Փառուխի խնդիրը լուծեցին՝ դրան զուգակցելով նաև գազային տեռորը: Օգոստոսին էլ լուծեց Բերձոր և Աղավնո գյուղերի խնդիրը, դժբախտաբար, նաև զոհեր ունեցանք:

Սա ադրբեջանցիների համար արդարացված մարտավարություն է. մի կողմից Ռուսաստանը թաթախված է ուկրաինական կամպանիայում և ակտիվ հակազդեցություն ցույց չի տալիս, որովհետև այս պարագայում, պարզ է, որ նրան Ադրբեջանի հետ կոնֆլիկտ պետք չէ, մյուս կողմից՝ Հայաստանը չունի դիմադրելու բավարար ռեսուրսներ, ու Ադրբեջանը փորձում է այս ձևով խնդիրներ լուծել, ընդ որում՝ այս օրերին տեղի ունեցող զարգացումների սցենարը շատ նման է օգոստոսի սկզբի էսկալացիային:

Ադրբեջանը նախ տեղեկատվական տեռոր կազմակերպեց՝ հայկական կողմին մեղադրելով նրա համար, ինչ չէր արել, հետո հնչեց Հասանովի սպառնալից հրամանը իրենց զինված ուժերին, որին հաջորդեց էսկալացիան: Այս օրերին վերոնշյալ իրադարձությունները բոլորը տեղի են ունեցել, բացառությամբ էսկալացիայի, դժվար չէ կանխատեսել, որ էսկալացիան սարերի հետևում չէ:

Այս փուլում ռազմական ճանապարհով ի՞նչ հարց է փորձելու լուծել Ադրբեջանը:

– Քանի որ Հայաստանի իշխանություններից հստակ տեղեկություն չենք լսում՝ ո՞րն է մեր օրակարգը, ի՞նչ են պահանջում ադրբեջանցիները կամ ի՞նչ խնդիրներ են փորձում օրակարգային դարձնել, կարող ենք միայն ենթադրել:

Գլոբալ հարցն այն է, որի մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, որ Բրյուսելում էական պայմանավորվածությունների հանգել չի ստացվել, հետևաբար Ադրբեջանը, ըստ ամենայնի, դժգոհելու պատճառ ունի:

Մյուս հարցը, որ Ադրբեջանն անընդհատ բերում է օրակարգ, պաշտպանություն բանակի կազմալուծման հարցն է: Ենթադրում եմ, որ այս միջակայքում են Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և նոր էսկալացիայի գնալու հակումը:

Խաղաղության պայմանագրի կնքումը այդ համատեքստում չե՞ք դիտարկում, պարո՛ն Սուրենյանց:

– Որ ասացի՝ Բրյուսելում էական համաձայնությունների չեն եկել, խոսքը խաղաղության պայմանագրի բաղադրիչներին էր վերաբերում: Երկու հարց կա, որոնց պատճառով այդ պայմանագրի գործընթացն առարկայական փուլ չի մտնում:

Առաջինը ԼՂ խնդրին անդրադարձն է, որտեղ տրամագծորեն տարբեր են մոտեցումները, և Փաշինյանը ակնարկ արեց, որ ապաշրջափակման հարցում չճշտված հարցեր կան, որոնք վերաբերում են ճանապարհների իրավական ռեժիմին:

Եթե ավելի հասցեական պատասխանեմ ձեր հարցին՝ այո՛, գլոբալ հարցը խաղաղության պայմանագրի հետ ասոցացվող հարցերն են, իսկ ավելի լոկալ հարցը, այնուամենայնիվ, ես պնդում եմ՝ պաշտպանության բանակի կազմալուծման կամ Արցախի զինաթափման հարցն է:

Ձեր խոսքում ասացիք, որ Ռուսաստանը, զբաղված լինելով ուկրաինական խնդրով, այնքան ուժեղ չի հակազդում Ադրբեջանին: Կարծում եք՝ եթե Ռուսաստանը զբաղված չլիներ այդ խնդրով, Ադրբեջանը նման վարքագիծ չէ՞ր դրսևորի:

– Մոսկվան շատ ավելի անկաշկանդ կլիներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր հարաբերություններում, եթե ուկրաինական խնդրով ծանրաբեռնված չլիներ: Չեմ ասում, թե հայանպաստ կլիներ Մոսկվայի դիրքորոշումը, բայց նրա մոտեցումը կլիներ շատ ավելի հավասարակշիռ, ինչն ավելի մեծ հնարավորություն կտար Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը զսպելու համար:

Բայց քանի որ Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, որ իրեն լրացուցիչ կոնֆլիկտներ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պետք չեն, այլ դիտանկյունից է նայում Կովկասում տեղի ունեցողին:

Իսկ այդ համատեքստում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: Ադրբեջանի հնարավոր էսկալացիային ինչպիսի՞ն կլինի ռուսական ու նաև Եվրամիության արձագանքը, ինչպես մի՞շտ:

– Միջազգային բոլոր խաղացողների համար, բնականաբար, էսկալացիան դատապարտելի է: Եթե սահմանափակվելու են զուտ հայտարարություններով ու պոստ ֆակտում արձանագրումներով, ապա փորձը ցույց տվեց, որ այդ հակազդումները Ադրբեջանի վրա պրակտիկորեն չեն ազդում, որովհետև հակազդեցության տարբեր մակարդակներ կան, օրինակ՝ Կոսովոյում նույն միջնորդներն ինչպիսի արագ ու գործնական հակազդեցություն արեցին, երբ օգոստոսին ճգնաժամ էր առաջացել Սերբիայի ու Կոսովոյի միջև, ու հնարավոր եղավ արյունահեղությունից խուսափել: Ադրբեջանի վրա կարող է ազդել միայն բոլոր խաղացողների կոնսոլիդացված ճնշումը, բայց այս գլոբալ հակադրությունների պայմաններում նման ճնշում քիչ հավանական է:

Այսինքն՝ միջազգային խաղացողների՞ն էլ են ձեռնտու այն վերադասավորումները, որոնք փորձում է Ադրբեջանն անել:

– Օբյեկտիվորեն Ադրբեջանը բոլոր կենտրոնների համար շատ ավելի կարևոր խաղացող է, քան Հայաստանը, բայց դա չի նշանակում, որ Բաքվի օրակարգի շուրջ միանշանակ միջազգային կոնսենսուս կա, սակայն դա առնվազն նշանակում է, որ Հայաստանի դիրքերը շատ թույլ են:

Բայց կա նաև երկրորդ շերտը, որը Հայաստանի դիվանագիտության, կներեք, շատ ցածր մակարդակն է: Բազմաթիվ օրինակներից մեկը բերեմ, որ ասածս առարկայական լինի. ընդամենը մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի 10-15 րոպեն նվիրեց ռուսական խաղաղապահ զորակազմի խիստ քննադատությանը:

Օրեր առաջ մեկնեց Վլադիվոստոկ, ու մենք քննադատական բառ անգամ չլսեցինք, ընդհակառակը՝ մի տասը անգամ նա շնորհակալություն հայտնեց Պուտինին նույն այդ խաղաղապահների համար: Իսկ նման հակասական վարքագծով հնարավոր չէ լուրջ քաղաքական առաջնորդի տպավորություն ստեղծել:

Պարո՛ն Սուրենյանց, հաշվի առնելով այդ ամենը՝ ի՞նչ զարգացումներ սպասենք, Ադրբեջանն ի վերջո կհասնի՞ նրան, որ իր ցանկացած բովանդակությամբ կնքվի խաղաղության պայմանագիր:

– Այդ պայմանագիրն այսպես թե այնպես պետք է ստորագրվի, նոյեմբերի 9-ից հետո դա անխուսափելի է, կամ դա նոյեմբերի 9-ի տրամաբանական շարունակությունն է, բայց այստեղ շատ կարևոր մի քանի կետեր կան:

Այդ պայմանագրում պետք է արձանագրվի Բաքվի ու Ստեփանակերտի ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը, ընդ որում՝ սա չի հակասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին: Իմ կարծիքով՝ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսեն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, պարզ է՝ դա չի լինի այն կարգավիճակը, որն ուզում ենք, բայց ամեն դեպքում ինչ-որ սուբյեկտության բաղադրիչներ ԼՂ-ն պետք է ունենա:

Պայմանագրում պետք է անպայման անդրադարձ լինի Ղարաբաղում ապրող բնակչության անվտանգության խնդրին, պետք է, օրինակ՝ հստակեցվի, թե ինչ մանդատ է ունենալու ռուսական խաղաղապահ առաքելությունը:

Այդ պայմանագրում պետք է ֆիքսվի նաև Հայաստանի սոցիալական, կրթական դերակատարումն Արցախի սուբյեկտությունը պահպանելու հարցում, որովհետև պարզ է, որ մենք չենք հասնելու Արցախի անկախությանը, նրան, որ Արցախը միանա Հայաստանին:

Եթե հայկական կողմը կարողանա հասնել այս բաղադրիչների ամրագրմանը, կլինի բավականին հաջողված պայմանագիր, ընդ որում՝ իմ նշած երեք կետերի նշաձողը բավականին ցածր է: Եթե չեն ներառվելու այս բաղադրիչները, շատ ավելի ազնիվ կլինի, որ Հայաստանն այդ պայմանագիրը ստորագրելուց առաջ մտածի Արցախի ժողովրդին էվակուացնելու մասին:

Լիահո՞ւյս եք, որ հայկական դիվանագիտությունը կհասնի դրան:

– Դիվանագիտության արդյունավետությունից է կախված, թե իմ նշած կետերը կլինե՞ն այդ պայմանագրում, թե՞ մենք կունենանք մի պայմանագիր, որը կլինի հաղթաթուղթ Ադրբեջանի ձեռքին:

Պարո՛ն Սուրենյանց, ադրբեջանական հնարավոր էսկալացիան լինելու է նմանատի՞պ, ինչ օգոստոսին էր, թե՞ ավելի լայնածավալ:

– Ավելի լայնամասշտաբ չի լինի, որովհետև այս պայմաններում նման օրակարգի համար Ադրբեջանը չէր կարող խոշոր խաղացողներից ստանալ պատերազմի «դաբրոն», հետևաբար մեծ պատերազմ չպետք է սպասել, կլինի տեղային էսկալացիա՝ որոշակի խնդիր լուծելու նպատակով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am