«Մայիսի վերջից Իրանի ոչխարները կարածեն Սյունիքո՞ւմ». իրանական կողմը պնդում է, մարզպետը շարունակում հերքել` նման բան չկա

«Մայիսի վերջից Իրանի ոչխարները կարածեն Սյունիքո՞ւմ». իրանական կողմը պնդում է, մարզպետը շարունակում հերքել` նման բան չկա
«Մայիսի վերջից Իրանի ոչխարները կարածեն Սյունիքո՞ւմ». իրանական կողմը պնդում է, մարզպետը շարունակում հերքել` նման բան չկա

Թեև ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունների թաքուն գործելակերպին և Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ անորոշ մեկնաբանություններին, իրանական կողմն այսօր լռությունը կրկին «խախտելով»՝ հավելյալ մանրամասներ է հաղորդել երկկողմանի պայմանավորվածության վերաբերյալ:

«Արասբարանի անասնապահները սկսած մայիսի 21-ից պետք է վեց ամիս շարունակ Սյունիքի մարգագետիններում արածեցնեն իրենց կենդանիներին»,- ըստ իրանական «Ֆարս» գործակալության՝ Թավրիզում հայտարարել է կառավարության անդամ Սեյեդ Մուհամադ Հոսեին Ալհաշեմը: «Առաջին փուլում’ 6 ամիսների ընթացքում 10 հազար գլուխ կարածեն Սյունիքի ալպիական արոտավայրերում»,- ասել է նա՝ հավելելով, որ ըստ պայմանավորվածության՝ տարվա ընթացքում 50 հազար գլուխ անասուն կարածեն Սյունիքի արոտավայրերում:

Սակայն նույնիսկ այս հայտարարությունից հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է պնդել, որ նման բան չկա ու չի կարող լինել: Դեռևս այս տարվա սկզբին մարզպետը հայտարարել էր, որ արոտավայրերի հարցը փակված է, որ ինքը հայրենիքի համար «կռված է» և չի կարող իրանցիներին հող տրամադրել: Խաչատրյանը նաև նշել էր, որ Սյունիքի արոտավայրերը չեն կարող վարձակալությամբ տալ Իրանին, քանի որ Սյունիքում գյուղատնտեսությունը գնալով զարգանում է, արոտավայրերը քչություն են անում:

Մարզպետը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ իր նախկին հայտարարություններն ուժի մեջ են: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա: Ես շատ լուրջ ասել եմ նախկինում, եթե դուք նայեք, կարդաք, կտեսնեք, որ նման բան չկա»,- «Մեդիալաբին» ասաց Խաչատրյանը: Հարցին, թե կոնկրետ փաստաթուղթ ստորագրվա՞ծ է, ինչը թույլ կտա արդեն մայիսի վերջին իրանական ոչխարներ արածեցնել հայկական արոտավայրերում, ինչպես իրանական կողմն է պնդում, նա պատասխանեց’ ո´չ, չկա:

Պատմությունն սկսվեց անցյալ տարի աշնանը, երբ պարզ դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով , իրանական կողմում արդեն իսկ շրջանառության մեջ դրած հուշագրով պատրաստվում է մարզի 52.000 հա արոտավայրերը 5 տարով վարձակալության հանձնել իրանական կողմին’ 50000 գլուխ անասուններ տեղափոխելու և արածեցնելու նպատակով: Ընդ որում, խնդրի մասին առաջինը հրապարակումներով հանդես եկան իրանական լրատվամիջոցները: Իրանական կողմը, ըստ լրատվամիջոցների, փոխարենը պետք է Հայաստանին 1 հա-ի դիմաց մինչև 25 դոլար գումար վճարեր: Բացի այդ, արոտավայրերի դիմաց Իրանը Հայաստանին պետք է տրամադրեր գյուղտեխնիկա, ինչպես նաև Հայաստանում մսի վերամշակման արտադրամաս և անասնակերի արտադրության կենտրոն հիմներ:

«Օրեր» եվրոպական անկախ ամսագիրն այս տարվա հունվարի 16-ին հրապարակել էր, որ նույն օրը Թավրիզում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ու Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Ալիռեզա Բեիգիի կողմից արդեն ստորագրվել է ինչ-որ հուշագիր:

Թեև մարտի 18-ին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ երկու երկրների միջև որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստորագրվել, և որ «նախքան պայմանագրի ստորագրումը այն պետք է հաստատվի երկու երկրների խորհրդարաններում», սակայն ըստ երևույթին այս անգամ ևս ամեն ինչ երկու կողմում որոշել են հեշտ ընթացք տալ’ չենթարկվելով սկիզբ առած բողոքի ալիքին:

Այս նախաձեռնությանն ընդդիմացել են բնապահպանները՝ նշելով, որ այդ վայրերում ոչխարների զանգվածային արոտի դեպքում Սյունիքն ամայացման վտանգի առաջ է կանգնում: Մյուս կողմից’ շատերին մտահոգողը Հայաստանի այդ տարածքներն են, որոնք փաստացի կազմում են Սյունիքի մարզի ավելի քան 11 տոկոսը, մարզում գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտների ավելացումը, ինչպես նաև իրանցի հովիվների «թյուրք-ադրբեջանցիներ» լինելու հանգամանքը:

«Խնդիրը բազմաշերտ վտանգներ է պարունակում, ինչի անտեսումը մոտ ապագայում կարող է լրջագույն հարցերի առաջ կանգնեցնել մեր պետությանը»,- մարտի 25-ի հայտարարության մեջ նշել էր Հայ արիական միաբանությունն ու Հայ ազգայնականների համախմբումը:

Մինչ Սյունիքի մարզպետարանի պաշտոնյաները հայտարարում են, որ մարզում «4000-5000 հա չօգտագործվող արոտավայրեր կան», որոնք կարելի է վարձակալությամբ տալով շատ հարցեր լուծել, Սյունիքի մարզի գյուղերից մեկի’ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը արոտավայրերը իրանցիներին վարձակալությամբ տալը «աբսուրդ» է որակում:

«Կյանքում ես իմ հողերը չեմ տա, չգիտեմ’ մնացածը ոնց են անելու»,- «Մեդիալաբին» ասում է նա: Աթայանը խորհուրդ է տալիս մարզի իշխանություններին գյուղատնտեսությունը զարգացնել, ոչ թե մտածել հողերն օտարին տալու մասին: «Իրանցին պիտի 5 տարով բերի իրա անասունը պահի, ինչ ա թե մեզ տրակտոր տա: Էդ տրակտորը որ տա, որտե՞ղ պիտի օգտագործվի, եթե հողը տալիս ենք նրանց, գյուղացին արտագաղթում ա»,- ասում է Քաջարանի գյուղապետը:

Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը մատնանշում է, որ բնապահպանական առումով ևս նման լուծումը «կործանարար» կարող է լինել մարզի համար, քանի որ ոչխարների արածեցման պատճառով արոտավայրերն ամայացվում են: Ըստ բնապահպանի՝ այդ է պատճառը, որ իրանական կողմը փորձում է արդեն իր երկրից դուրս այդ հարցերին լուծում տալ:

«Խորհրդային տարիներին հատուկ որոշմամբ այդ ամենը հաշվի առնելով կասեցվեց ոչխարների արածեցումը, քանի որ բնական համակարգերը ավերվում էին: Հասկանո՞ւմ եք, ոչխարները, ի տարբերություն խոշոր եղջերավոր այլ անասունների, արածելուն զուգահեռ ամայացնում են արոտավայրերը’ կճղակներով: Շատ գործոններ հաշվի առնելով’ նման մոտեցումը մեզ համար անընդունելի է»,- «Մեդիալաբին» ասում է Սանասարյանը:

Նմանօրինակ գնահատականներ են տալիս նաև մյուս բնապահպանները: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն անգամ խնդրի վերաբերյալ դիմում էր գրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ նման ցանկացած որոշում կայացնելուց:

Սակայն, հարցի մասին որքան «բաց» խոսում է իրանական կողմը’ առաջինը իրանական «ԻԱՆԱ» (Iranian Agriculture News Agency) լրատվական գործակալության միջոցով բացելով խաղաքարտերը և հրապարակելով նույնիսկ հայ-իրանական փոխըմբռնման հուշագրի մանրամասները’ «ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի միջև», Հայաստանի իշխանությունները, թվում է, չեն շտապում որոշակիություն մտցնել ստեղծված իրավիճակում:

Դեռևս անցյալ տարեվերջին, կրկին առանց հստակության, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին վարձակալությամբ հանձնելուն նշել է, որ «ամեն ինչ արվելու է, որ Հայաստանի բոլոր արոտավայրերը առավելագույնս արդյունավետ օգտագործվեն և համապատասխան եկամուտներ ապահովեն համայնքներին», սակայն որևէ կոնկրետ պայմանագրի, կետերի մասին նա այդպես էլ չէր խոսել:

Սակայն ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանը ԱԺ-ում հայտարարել է, որ «վաղը կարող է ուշ լինել»:

«Ի՞նչ է սա նշանակում: Ի վերջո, հարցը պետության տարածքի մի մասը վարձակալությամբ տալուն է վերաբերում: Որքանո՞վ է տեղին տարածքային մարմինների նման՝ չակերտավոր ինքնագործունեությունը: Եթե կայանա, այդ գործարքից ի՞նչ է շահելու մեր պետությունը, շահելո՞ւ, թե՞ կորցնելու են այդ տարածքների հարակից գյուղացիական տնտեսությունները, ի՞նչ է լինելու քաղաքական, հոգեբանական, բնապահպանական հետևանքը»,- ԱԺ-ում հայտարարել էր Աղվան Վարդանյանը:

Վահե Ներսեսյան

© Medialab.am