Ընտրական օրենսգրքի բազմակի խախտումներ Վեդի խոշորացված համայնքում. FIP.am

Վեդիում համայնքի ղեկավարի պաշտոնակատար, գալիք ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը նախընտրական շրջանում համայնքային բյուջեից օգնություն է բաժանում։

Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված ավագանու խմբակցությունները չկարողացան գալ համաձայնության, և համայնքային իշխանություն չձևավորվեց։ Նշանակվեցին նոր ՏԻՄ ընտրություններ, իսկ վարչապետ Փաշինյանը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Արարատի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանին։

Նոր ընտրություններին ընդառաջ Գարիկ Սարգսյանը, խախտելով Ընտրական օրենսգրքի պահանջը, համայնքային բյուջեից ակտիվորեն դրամական օգնություններ է բաժանում համայնքի բնակիչներին։

 Այսպես, մարտի 27-ին Վեդիում տեղի ունենալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվել է մարտի 2-ից (կետ 30)։ Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում (մարտի 2-9) Գարիկ Սարգսյանը կայացրել է համայնքային բյուջեից դրամական օգնություն հատկացնելու վերաբերյալ 14 որոշում՝ ընդհանուր 1․5 մլն դրամի չափով։

Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Վեդի համայնքի ավագանու անդամի ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել «Իմ հզոր Համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, իսկ ՔՊ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է հենց Գարիկ Սարգսյանը։ 

Այսպիսով, Գարիկ Սարգսյանը, լինելով Վեդի խոշորացված համայնքում առաջադրված թեկնածու, նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր պարբերաբար համայնքային միջոցները դրամական օգնության անվան տակ բաժանում է համայնքի բնակիչներին, ինչը կարող է դիտվել որպես Ընտրական օրենսգրքի խախտում։

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Այրումի համայնքապետն էր նախընտրական շրջանում բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում կայացրել, սակայն հետագայում պարզելով, որ դա օրենքի խախտում է, անմիջապես չեղարկել էր իր իսկ որոշումը։

Հիշեցնենք նաև, որ Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանին դեռևս նախորդ տարվա հունիսից մեղադրանք է առաջադրվել մի շարք քրեական հանցագործությունների կասկածանքով, որոնցից մեկն էլ «այլ անձի միջոցով օգտագործելով մի խումբ բնակիչների` սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նրանց հարկադրել էր մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»:

Փաստերի ստուգման հարթակ