Հակասություն փոխարինված վերելակների թվի մասին․ պարզաբանում է քաղաքապետարանը. Fip.am

Նոյեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարեց՝ նշելով, որ «251 վերելակ արդեն տեղադրված է, մյուսները սպասում են իրենց հերթին»։ 

Նշենք, որ Երևանում վերելակների փոխարինման ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ մայրաքաղաքում 500 նոր վերելակ պետք է տեղադրվի։

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FYerevanCityHall%2Fposts%2F3444593082256464&show_text=true&width=552&height=798&appId

Երևանի քաղաքապետարանի այս գրառումը, սակայն, հակասություն ունի նոյեմբերի 6-ին Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի արած հայտարարության հետ։ Հայաստանի 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա նշել էր, որ Երևանի շենքերում փոխարինված վերելակների թիվը  ավելի քան 310 է։ «Տեղադրված է 318-ը, եթե չեմ սխալվում: Մնացածը մինչև սույն ամսվա 15-ը կհանձնվեն նույնպես, որի դիմաց վճարումները կկատարվեն»։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե ինչով է պայմանավորված երկու հայտարարությունների տարբերությունները։ 

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր 500 վերելակներն արդեն քաղաքապետարանը ձեռք է բերել, մի մասը դեռ ճանապարհին է. «Իսկ այս պահի դրությամբ 350 վերելակ տեղադրված է, շահագործման հանձնվել է 251-ը»։  Կարապետյանի խոսքով՝ շահագործման հանձնված վերելակներն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից փորձաքննություն արդեն անցել են։ 

Այսինքն՝ առաջացած հակասությունը կապված է ոչ թե փոխարինված վերելակների թվի հետ, այլ ձևակերպումների․ փաստացի՝ փոխարինվել է շուրջ 350 վերելակ, որից 250-ն արդեն հանձնվել է շահագործման։

Անի Ավետիսյան

Fip.am