«Լսում են Ստամբուլ, ֆսյո, չեն գնում». հայերը չեն ողջունում «Պեգասուսի» մուտքը Հայաստան

«Պեգասուս» (Pegasus) թուրքական բյուջետային ավիաընկերությունը, թեպետ առցանց տարբերակով արդեն սկսել է Երևանից դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերի վաճառքը զգալի ցածր գներով, սակայն նրա մուտքը հայկական իրականություն այնքան էլ չեն ողջունում:

Այս ավիաընկերությունը չվերթեր է իրականացնելու նաև Երևան-Ստամբուլ ուղղությամբ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր առևտրային չվերթերի իրականացման թույլտվություններ է տրամադրել հայկական Flyone Armenia և թուրքական Pegasus ավիաընկերություններին:

«Վաճառքը արդեն բաց է: «Պեգասուսը» սպասարկելու է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքը: Ուղիղ թռիչքով միայն Ստամբուլ է հնարավոր գնալ: Բայց Ստամբուլը նաև տարանցիկ ուղղություն է եվրոպական երկրների համար ու բավական մատչելի առաջարկներ ունի: Կոնկրետ մեր ընկերությունը առայժմ չի զբաղվում «Պեգասուսի» վաճառքներով: Մեր անձնական դիրքորոշումն է: Հետագայում չգիտենք՝ ոնց կստացվի»,- «Մեդիալաբին» ասում է «Արոն» տուրիստական ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Զաքարյանը:

Բացի Ստամբուլից, թուրքական բյուջետային (low cost) այս ավիաընկերությունը բավական ցածր գներով ուղիղ թռիչքներ է առաջարկում դեպի Դյուսելդորֆ, Փարիզ և այլ ուղղություններով: Նախկինում դեպի եվրոպական երկրներ Ստամբուլը առաջարկվում էր որպես տարանցիկ գոտի: Բայց, միևնույն է, ըստ տուրիստական ընկերությունների, հայերի շրջանում այդ տարբերակը այդքան էլ տարածում չի ունեցել:

Լիլիթ Զաքարյանն ասում է՝ մարդիկ գնում են Թբիլիսի, այնտեղից թուրքական ավիաընկերություններով՝ եվրոպական երկրներ:

«Շատ դեպքերում մարդիկ չէին ֆիքսվում, թե դա ինչ ավիաընկերություն է: Երևանից Ստամբուլով դեպի եվրոպական երկրներ և՛ սպասելաժամանակն է քիչ, և՛ արժեքներն են հարմար: Բավականին հարմար տարբերակներ կան: Այսինքն՝ Երևանը Եվրոպային կապող ևս մեկ տարանցիկ չվերթ է:

Բայց պատերազմից հետո այս հարցին զուտ որպես կոմերցիա վերաբերվել հնարավոր չէ, մարդիկ ավելի զգայուն են դարձել դրա նկատմամբ: Օրերս դեպք ենք ունեցել՝ մեր ուղևորը Եվրոպայից Երևան գալու համար տոմս էր խնդրել, որ փնտրենք, երկու արժեք կար, մրցունակ «Պեգասուսով» շատ ավելի մատչելի էր ստացվում, բայց նախընտրեցին այլ տարբերակ՝ մի քիչ ավելի գումարի դիմաց»,- պատմում է «Արոն» տուրիստական ընկերության ներկայացուցիչը:

«Լսում են Ստամբուլ, ֆսյո, չեն գնում: Նախընտրում են Կիևով, Մոսկվայով, Մինսկով գնալ, բայց ոչ Ստամբուլով: Թեկուզ, այո՛, էժան է, բայց միևնույն է, դա դեր չի խաղում»,- նշում են «Շելբի» ընկերությունից:

«Պեգասուսի» մուտքը գրկաբաց չի ընդունվել նաև ֆեյսբուքյան զբոսաշրջային տեղեկատվական խմբերից մեկում: «Չենք ուզում, մերսի»,- 113 եվրոյով Երևան-Դյուսելդորֆ ուղիղ չվերթի մասին տեղեկությանն այսպես է արձագանքել օգտատերերից մեկը:

Թուրքական ավիաընկերության հետ չի աշխատում «Անռիվա» տուրիստական գործակալությունը: Ինչո՞ւ հարցին՝ պատասխանն էր. «Դե, որովհետև Թուրքիան է»:

Հայաստան-Թուրքիա ավիահաղորդակցությունը 2.5 տարի է՝ չի գործում: Դրա վերականգնման մասին առաջին անգամ հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը նախորդ տարեվերջին:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am