Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ «ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, նիստում արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում կատարել լրացում եւ դրանով կառավարությանն իրավունք վերապահել պետության համար բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ տեղափոխել աշխատանքային օրերը:
Արտաքին գործերի փոխնախարարը պարզաբանել է, որ ըստ օրենքի՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել բացառապես տոների եւ հիշատակի օրերի կապակցությամբ, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում տեղափոխություն կատարել, երբ անցկացվում են կարեւորագույն եւ մեծամասշտաբ միջոցառումներ:
Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված հոկտեմբերի 11-12-ին Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովով:
Օրինագիծն առավոտյան նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ օրվա վերջին նիստում քննարկվել եւ ընդունվել է երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ: