ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բաց է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպման հնարավորության համար իր առաջիկա Ասիական շրջագայության ընթացքում։
«Կցանկանայի։ Եթե ուզում եք՝ փոխանցեք, ես բաց եմ հանդիպման համար»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ ուղևորվելով տարածաշրջան՝ նշելով, որ «հիանալի հարաբերություններ» ունի Կիմի հետ։
Թրամփը պատմություն էր կերտել իր առաջին նախագահական ժամկետում՝ դառնալով ԱՄՆ գործող առաջին նախագահը, ով ոտք է դրել Հյուսիսային Կորեա․ նրանց վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019-ին ապառազմականացված գոտում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Թրամփի շրջագայության շրջանակում նախատեսվում են հանդիպումներ մի շարք ղեկավարների հետ՝ Մալայզիայում և Ճապոնիայում, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։ Այցը տեղի է ունենում այն պահին, երբ ԱՄՆ–Չինաստան հարաբերությունները լարված են՝ Թրամփի սահմանած բարձր մաքսատուրքերի հետևանքով։
Թրամփը, ով նախկինում Կիմին անվանել էր «փոքր հրթիռային մարդ», երեք անգամ հանդիպել է նրան Սպիտակ տանը պաշտոնավարման ընթացքում, սակայն կողմերը չեն կարողացել հասնել կորեանական թերակղզու ապամիջուկացման համաձայնության։ Այդուհանդերձ, Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեան «փաստացի միջուկային պետություն» է։
Հարավային Կորեայի միավորման նախարար Չուն Դոն-յոնը հայտարարել է, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) համաժողովի ընթացքում երկու առաջնորդների հանդիպման «նշանակալի հավանականություն» կա։
Թրամփի այցը կմեկնարկի Մալայզիայից, որտեղ նա կմասնակցի Ասեան գագաթնաժողովին, ապա կժամանի Բուսան՝ Հարավային Կորեայի քաղաք, որտեղ նախատեսվում է նաև նրա հանդիպումը Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունի հետ։ Վերջինս, օգոստոսին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, խոսել էր խաղաղության և Թրամփ–Կիմ հնարավոր նոր հանդիպման մասին։
Թրամփի այցը կավարտվի Չինաստանի նախագահի հետ հանդիպումով, որը տեղի կունենա երկու երկրների միջև սրված առևտրային պատերազմի ֆոնին։



















