Երբ խտրական պայքար ես մղում կոռուպցիայի դեմ, դա արդեն կոռուպցիայի դեմ պայքար չէ, քաղաքական հաշվեհարդար է. Վարուժան Հոկտանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը 

– Պարո՛ն Հոկտանյան, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը երկու ամսով կալանավորվեց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա։ Գործընթացի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում։

– Կոնկրետ դեպքի մասով մասնագիտական մեկնաբանություն դժվար կլինի տալ, որովհետև պետք է նախ հասկանալ՝ ներքին աուդիտ անցկացվե՞լ է, թե՞ ոչ։ Ես նայել եմ, 2020-2021 թվականներին ներքին աուդիտ անցկացվել է, ու տարօրինակ է, որ այդ աուդիտը չի բացահայտել այդ չարաշահումները, այլ բացահայտվել է դա Հաշվեքննիչ պալատի կողմից, այսինքն՝ արտաքին աուդիտի շնորհիվ է հայտնաբերվել։ 

Արսեն Թորոսյանն արդեն երկու ֆեյսբուքյան գրառում արել է, որոնց ևս ծանոթացա: Առաջինը բավականին էմոցիոնալ էր, չէի ուզենա դրան անդրադառնալ, բայց երկրորդում ինքն ավելի մանրամասն է բացատրել իրավիճակը։ Սա հիշեցնում է սովետական տարիների այն մոտեցումը, երբ մենեջերները ոչ ստանդարտ լուծումներ էին ընդունում, շատ հաճախ պատժվում էին սոցիալիստական ունեցվածքի գողության համար, հետո պարզվում էր, որ բավական լավ գործ են արել, ուղղակի դա արել են ոչ այնքան օրինական եղանակով։ 

Քանի որ կորոնավիրուսը ոչ ստանդարտ հիվանդություն էր, բնականաբար, ենթադրում էր նաև ոչ ստանդարտ քայլեր, այդ իմաստով ես համաձայն եմ Արսեն Թորոսյանի հետ, բայց այլ հարց է, թե որքանո՛վ են այդ քայլերն արդյունավետ եղել, իսկ այդ մասին կասեն համապատասխան ոլորտի մարդիկ։ 

Այս պարագայում ճիշտ է սպասել նախաքննության ավարտին, հնարավոր է՝ եղել է օրենքի խախտում, բայց այստեղ կա այդ խնդիրը, եթե արվել է շատ լավ գործ՝ ինչպե՞ս մոտենալ այդ հարցին, այսինքն՝ եթե ոչ ստանդարտ որոշումների կիրարկումն արվում է այդ ձևով, պետք է երևի մի քիչ ավելի ճկուն մոտեցում ցույց տալ։ 

Այո՛, Հաշվեքննիչ պալատը ցույց է տալիս, որ եղել են գումարի յուրացումներ, բայց արդյոք սխալ կլինե՞ր, եթե ավելի մեծ գումար հատկացվեր այդ նույն բժշկական հաստատություններին այդպիսի քայլեր անելու համար, հիմնական հարցը սա է։ Միգուցե այդպիսի քայլեր անելու համար պետք է ավելի՞ գումար հատկացվեր։ 

Ես կրկնում եմ՝ չեմ ուզում առաջ ընկնել, գուցե հնարավոր է, որ եղել են նման յուրացումներ ու հափշտակություններ, բայց արդյոք դա արդյունավե՞տ առողջապահական քաղաքականություն է եղել, թե՞ չէ։ 

Երբ երկրում կոռուպցիայի մակարդակը բարձր է, իսկ Հայաստանում ցածր չէ, դա ակնհայտ է, այդպիսի պայմաններում շատ հաճախ դժվար է կոշտ կերպով մեղադրել կոռուպցիայի համար, երբ շուրջդ դա գերիշխում է։ 

– Կարծիքներ են հնչում, թե գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, նույն Արսեն Թորոսյանը կասկածի տակ է դնում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, քննադատողները նաև նշում են, որ նույն կոմիտեն չանդրադարձավ Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի ձեռք բերած առանձնատների աղմկահարույց թեմաներին, Ալեն Սիմոնյանի եղբոր թեման ևս շրջանցվեց։ Ձեզ մոտ կա՞ տպավորություն, որ իսկապես ընտրովի արդարադատության հետ գործ ունենք։

– Այն, որ չեն անդրադարձել այդ դեպքերին, առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացթողումն է, նրանք պետք է վարույթ հարուցեին, որովհետև այդ ամենը նախևառաջ իրենց գործունեության ոլորտն է, որից հետո նոր միայն Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ինչ-որ բան աներ։ 

Որքան ես տեղյակ եմ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել ո՛չ Արարատ Միրզոյանի, ո՛չ Սուրեն Պապիկյանի, ո՛չ Ալեն Սիմոնյանի եղբոր դեպքում, միգուցե դա տեղի է ունեցել անցած տարի, պետք է նկատի ունենալ, որ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, ու եթե դա եղել է անցյալ տարի, միգուցե դա կլինի ազդանշան, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրջորեն կուսումնասիրի ձեր նշած պաշտոնյաների հայտարարագրերը, որից հետո, եթե լինեն կասկածներ, կդիմի Հակակոռուպցիոն կոմիտե։ 

Ա՛յ դա կլինի իսկապես լուրջ պայքար կոռուպցիայի դեմ, իսկ դա եղել է 20 կամ 21 թվականներին, ուրեմն պետք է որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ հարցերով գոնե հիմա՝ այդ հրապարակումների հիման վրա հետաքրքրվեր։ 

Ես անձամբ կարծում եմ, որ սա ընտրովի արդարադատություն է նշանակում, եթե դա արվել է մինչև 2022 թվականը, եթե 2022-ին է արվել, ապա ես կսպասեմ մինչև մայիսի 31-ի վերջնաժամկետը, որից հետո, եթե նորից որևէ ուսումնասիրություն, վարույթ չարվեն, ապա այդ դեպքում արդեն միանշանակ կարող ենք ասել, որ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ 

Սա իհարկե չի նշանակում, որ եթե նրանց չեն հետապնդում, ուրեմն չպետք է հետապնդեն նաև պարոն Թորոսյանին ու մյուսներին, որովհետև եթե եղել է բյուջեի թալան կամ կոռուպցիոն հանցագործություններ, կատարողները պետք է պատժվեն։ 

– Որպեսզի իշխանությունը վերականգնի մարդկանց վստահությունը դեպի արդարադատությունը, որ ընտրովի արդարադատություն իրականացնելու կասկածներ չլինեն, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, պարո՛ն Հոկտանյան։

– Ես միշտ եմ ասել, որ եթե քաղաքական կամքը բավարար չէ, եթե ռեսուրսները բավարար չեն, նորաստեղծ ոչ մի մարմին չի կարող արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։ Քաղաքական կամքի դրսևորումներից է նաև խտրական վերաբերմունքը. երբ խտրական պայքար ես մղում կոռուպցիայի դեմ, դա արդեն կոռուպցիայի դեմ պայքար չէ, քաղաքական հաշվեհարդար է։ Եթե այս ամենը չի արվում, ձեր հարցի պատասխանն ակնհայտ է, բնականաբար, ժողովուրդը կասի, որ այս ամենը հերթական շոու էր։

– Նման դեպքերը որքանո՞վ են օգնելու կամ, գուցե, խանգարելու, որ Հայաստանը կոռուպցիայի համաթվով իր դիրքերում փոփոխություն արձանագրի։ 

– Նման դեպքերը կօգնեն, որ Հայաստանն ավելի հետ գնա, այդ մի բանը ես ձեզ խոստանում եմ։ Եթե այսպիսի դեպքեր բացահայտվեն, ու դրանք կրեն խտրական բնույթ, դիրքերի բարելավմանը չի նպաստելու, դա՝ մեկ, իսկ երկրորդը՝ 21-22 թվականներին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ բավականին գործեր կային, երևի վերևներում մեծ հույսեր ունեին, որ ընկալման համաթիվը երկինք կթռչի, բայց տեսաք, որ հակառակը եղավ։ 

Այսինքն՝ դրսի մարդիկ, որոնք ավելի լուրջ են մոտենում այս հարցերին, հասկանում են, որ միայն հակառակորդների կոռուպցիան բացահայտելը շատ քիչ է, դա իհարկե պետք է, բայց միայն դրանով դու հաստատ համաթվի աճ չես ունենա։

– Պարո՛ն Հոկտանյան, իսկ համաթվի հետընթացն, օրինակ, կարո՞ղ է ազդեցություն ունենալ բիզնես միջավայրի, արտերկրից ներդրումների վրա:

– Այդ ազդեցությունը չպետք է բացարձակացնել, որովհետև ներդրումների վրա ազդելու շատ այլ գործոններ կան։ Մենք գիտենք շատ ավելի կոռումպացված երկրներ, որտեղ լավ էլ ներդրումներ են արվում, հենց մեր հարևան Ադրբեջանը վերցնենք, եթե Հայաստանի համաթիվը 46 էր, Ադրբեջանինը՝ 23, կրկնակի ցածր, բայց չեմ զարմանա, որ պարզվի՝ այնտեղ ներդրումներն ավելի շատ են: 

Իհարկե սա չի նշանակում, թե երկիրն ինչքան կոռումպացված է, այնքան ներդրումները շատ կլինեն, բայց կա նաև այսպես կոչված կեղտոտ ներդրումների խնդիրը, այսինքն՝ շատ հաճախ նման երկրներում փողեր լվանալու համար են ներդրումներ անում։ 

Սա բացասաբար կազդի մաքուր երկրներից մաքուր ներդրումների ծավալի վրա, այսինքն՝ եթե մենք ուզում ենք ներդրումներ Գերմանիայից կամ Շվեդիայից, կամ ԱՄՆ-ից, նրանք սրան ուշադրություն կդարձնեն, բայց եթե ուզում ենք ներդրում Չինաստանից կամ Ռուսաստանից, բնականաբար, այս թվին չեն էլ նայի։ Կարևորը ներդրման նպատակն է՝ կարճ ասած։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am