ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը

Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը։ Այդ մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։

Հայտարարության մեջ նշվում է, որ սա կարևոր առաջընթաց է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում։ ԵՄ-ն նաև դրական է գնահատել 2026 թվականի ապրիլի 28-ին կայացած երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցով։

Բրյուսելի գնահատմամբ՝ այս քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ամբողջ Հարավային Կովկասի և Եվրամիության վրա։

ԵՄ-ն նաև կոչ է արել Երևանին և Անկարային շարունակել համագործակցությունը, այդ թվում՝ սահմանի բացման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկի մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն այդ հայտարարությունը որակել էր որպես կարևոր քայլ՝ երկու երկրների միջև լիարժեք և բնականոն հարաբերությունների զարգացման ճանապարհին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ևս տեղեկացրել էր, որ հայ գործարարներն արդեն կարող են Թուրքիայից ապրանք ներմուծել ուղիղ՝ առանց միջնորդ երկրների միջոցով վերաարտահանման ձևակերպումների։ ՊԵԿ-ն էլ պարզաբանել էր, որ այսուհետ թուրքական արտահանման փաստաթղթերում հնարավոր կլինի որպես ստացող նշել հայկական տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։