«Սա փորձ է, որ մարդիկ փոխեն իրենց վատ վարքագիծը՝ ուտեստն առանց համտեսելու աղ չավելացնեն». Դիանա Անդրեասյան

«Նախարարությունն ամեն ինչ անում է՝ հանրային առողջության կարևորությունից ելնելով». այսպես են Առողջապահության նախարարությունից մեկնաբանում «Առևտրի և ծառայությունների մասին» նախագծում կատարված փոփոխությունները, որն հանրության շրջանում արդեն ստացել է «աղամանի օրենք» անվանումը:

Օրինագիծը այս պահին իրավական ակտերի միասնական կայքում հանրային քննարկման է դրված, հետո կուղարկվի կառավարություն, այնուհետև՝ Ազգային ժողով: Նախարարությունից ընդգծում են, որ այս նախագիծը բնավ չի նշանակում, թե սահմանափակում են մարդկանց աղ օգտագործելու իրավունքը:

Հանրային քննարկման ներկայացված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծով հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

«Ոչ վարակիչ հիվանդություններն ամբողջ աշխարհում հանդիսանում են վաղաժամ մահվան հիմնական պատճառ: Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սիրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: Ընդ որում՝ ամեն տարի 17.9 միլիոն մարդ մահանում է սիրտանոթային համակարգի հիվանդություններից: Համաձայն միջազգային տվյալների` բնակչության շրջանում տարեկան մեկ շնչի հաշվով օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի հետևանքով օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13%-ով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Առողջապահության տեղեկատվական վերլուծական ազգային կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը «Մեդիալաբին» ասում է, որ այս նախագիծն առողջ սնվելու կարևոր քայլերից է, այն միտված է մարդկանց առողջ սնվելուն:

Մասնագետի բնորոշմամբ՝ այսպիսով նախարարությունը փորձում է քայլ անել, որ մարդիկ սկսեն առողջ սնվել: Հանրությունը, նրա խոսքով, պետք է հասկանա, որ սա իրենց իրավունքների սահմանափակում չէ, այլ փորձ է այնպես անել, որ մարդիկ փոխեն իրենց վատ վարքագիծը՝ ուտեստն առանց համտեսելու աղ չավելացնեն:

«2016-17 թվականներին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մեթոդաբանությամբ՝ մեր երկրում իրականացվեց հետազոտություն՝ ուղղված 18-69 տարեկան բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրությանը:

Հետազոտության շրջանակում իրականացրեցինք նաև մեզի կենսաքիմիական հետազոտություն, որի արդյունքում պարզվեց, որ մեր բնակչության շրջանում աղի օգտագործումը, ի տարբերություն մյուս երկրների, կրկնակի բարձր է՝ ըստ ԱՀԿ-ի նորմերի: ԱՀԿ-ի խորհրդատվությունով աղի օրական օգտագործումը չպետք է գերազանցի մինչև 5 գրամը, իսկ մեր բնակչության մոտ այդ թիվն օրական 9,8 գրամ է»,- ասում է Դիանա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ իրենց հարցումները ցույց են տվել, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը չարաշահում է աղը: Հարցվածների 34-35%-ը նշել է, որ իրենք կերակուրին մշտապես աղ են ավելացնում՝ առանց համտեսելու: Հարցվածներից 10-ից 3-ը նշել են, որ օգտագործում են աղի մեծ քանակություն պարունակող վերամշակված սնունդ:

«Աղի չարաշահումը նպաստում է զարկերակային բարձր ճնշման տարածվածությանը, ուղեղանոթային հիվանդություններին, եթե մարդն ունի արդեն ախտորոշված ուղեղանոթային հիվանդություն ու չի սահմանափակում աղի օգտագործումը, բնականաբար, ավելի է վատթարացնում իր հիվանդության ընթացքը»,- ասում է Անդրեասյանն ու ընդգծում, որ ձեռնարկվող միջոցառումը միտված է մահացության ցուցանիշը նվազեցնելուն:

Նրա խոսքով՝ սա միջազգային փորձ է, որը կիրառվում է Ֆինլանդիայում, ինչը բերել է նրան, որ մարդկանց առողջության ցուցանիշները բարելավվել են, կյանքի տևողությունն է ավելացել:

Անդրեասյանը շեշտում է, որ այս նախաձեռնությունը աղի չարաշահման դեմ տարվող պայքարի միջոցառում է, որի արդյունքում առաջիկա 15 տարիների ընթացքում կունենանք շուրջ 14 հազար փրկված կյանքեր, կբարելավվի արյան շրջանառության համակարգի հիվանդության ընթացքը:

«Միանշանակ, միջազգային փորձը ցույց է տվել, որ սա շատ կարևոր քայլ է, որպեսզի մեր հանրությունը հասկանա ու գիտակցի, որ պետք է նվազեցնի աղի օգտագործումը: Այս միջոցառումը պետք է նպաստի, որ մարդկանց մոտ աստիճանաբար սովորություն դառնա քիչ աղ օգտագործելը: Բնական է, որ այցելուն աղը կպահանջի, մատուցողն էլ կբերի, բայց սա նաև իրազեկման տեսանկյունից է կարևոր, պետք է փորձենք հանրությանն իրազեկել, որ նա գիտակցի, որ աղի չարաշահումը վտանգավոր է, մենք չենք սահմանափակում աղ օգտագործելու իրավունքը»,- ասում է Դիանա Անդրեասյանը՝ նշելով, որ սա առողջ սնվելու քայլերից մեկն է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am