Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են աշխատանքը

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, ժամը 17.00-ից վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով:

Հիշեցնենք՝ Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել էր գազալցակայանների աշխատանքը:

Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:

Սակայն, հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել էր, որ կուտակված գազն այսուհետ կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը: