«Արջիթալա» կոչվող վայրում 28-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի. գործը դատարանում է

«Արջիթալա» կոչվող վայրում 28-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի. գործը դատարանում է
«Արջիթալա» կոչվող վայրում 28-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Արջիթալա» կոչվող վայրում սպանության դեպքի հանգամանքները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի բնակիչը հաղորդում էր տվել այն մասին, որ ինքը երկու անձանց հետ ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, խմբով, 2018թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լոռու մարզի «Արջիթալա» կոչվող վայրում հարձակվել են Լոռու մարզի բնակիչ Ա.Աղաջանյանի վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ փայտերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին, հափշտակել նրա ոսկյա շղթան, ոսկյա մատանին և կանխիկ գումար:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, անահտականացվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից յուրաքանչյուրի գործողությունները, տրվել քրեաիրավական գնահատական:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1990 թվականին, նույն մարզում բնակվող իր ծանոթների հետ՝ ծնված 1995 և 1996թթ.., 2018 թվականի օգոստոսի 31-ին նախնական համաձայնության է եկել՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի «Արջիթալա» կոչվող տեղանքում գտնվող շինությունների նկատմամբ պահպանություն իրականցնող Ալբերտ Աղաջանյանի գույքը ավազակությամբ հափշտակելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ Ա.Աղաջանյանի զգոնությունը թուլացնելու նպատակով 29-ամյա տղամարդը, ով հաղորդում տվողն է, նրա հետ հանդիպել է մոտակա գարեջրատանը, որտեղ միասին ալկոհոլ են օգտագործել:

Այդ ընթացքում 23-ամյա երիտասարդները գնացել են «Արջիթալա» կոչվող վայր և Ալբերտ Աղաջանյանի ոսկյա զարդերը հափշտակելու նպատակով, միասնական դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել կացարան, սակայն նրա ոսկյա զարդերը չհայտնաբերելով, ապօրինի մուտք են գործել նաև կացարանի հարևանությամբ գտնվող, Ալբերտ Աղաջանյանի պահպանությանը հանձնված մեկ այլ բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր իրեր, տեղավորել պայուսակների մեջ ու թաքցրել:

29-ամյա տղամարդը, նկատելով, որ ոսկյա շղթան, ու մատանին գտնվում են Աղաջանյանի մոտ, զանգահարել է երիտասարդներին ու հանձնարարել, որ թաքնվեն կացարանի մոտ ու պատրաստված՝ դիմակավորված, սպասեն իրենց:

Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով երեքով գնացել են կացարանի մոտ և երբ Ալբերտ Աղաջանյանը դուռը բացելու նպատակով մոտեցել է կացարանին, հրել գցել են նրան, երեքով հարձակվել են նրա վրա և ապօրինաբար կյանքից զրկելու անուղղակի դիտավորությամբ, խմբով, ավազակությամբ զուգորդված, փայտերով, փոխադրարձաբար լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կյանքի համար վտանգավոր բռնությունն են գործադրել նրա նկատմամբ. մի քանի անգամ հարվածներ են հասցրել գետնին ընկած Ալբերտ Աղաջանյանի գլխի տարբեր շրջաններին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քննության տվյալներով՝ Ալբերտ Աղաջանյանից ավազակությամբ հափշտակել են 5.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա վզնոց, 112.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանի և 150.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, ինչից հետո անգիտակից վիճակում գտնվող Ալբերտ Աղաջանյանին քարշ տալով տեղափոխել են նրա կացարան, կողպեքով փակել մուտքի դուռը՝ նրան զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա դիմել փախուստի:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում Ալբերտ Աղաջանյանը, գիտակցության չգալով, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Մյուս երկու՝ 1996 և 1995թթ. ծնված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին