Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է, ինչպես նշում են պաշտոնական աղբյուրները՝ «կոռուպցիայի, կաշառակերության, ինչպես նաև հանցավոր խմբավորում ստեղծելու և ղեկավարելու» մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը՝ հղում անելով Ստամբուլի գլխավոր դատախազությանը: Ըստ տեղեկության, Իմամօղլուն այժմ պահվում է «Մարմարա» փակ քրեակատարողական հիմնարկում։
Թեև սկզբնապես քննարկվում էր նաև ահաբեկչությանը օժանդակելու հնարավորությունը, Ստամբուլի դատախազությունը կարճել է այդ գործը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն էլ պաշտոնապես հայտարարել է, որ Էքրեմ Իմամօղլուն հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Իմամօղլուի կալանավորումն աննախադեպ հանրային արձագանք է առաջացրել Թուրքիայում։ Հազարավոր քաղաքացիներ Ստամբուլում և երկրի այլ քաղաքներում փողոց են դուրս եկել՝ պահանջելով ազատ արձակել ընդդիմադիր քաղաքապետին։
Հանրահավաքներին մասնակցում են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակտիվիստներ, որոնց համոզմամբ՝ իշխանությունները Իմամօղլուին ցանկանում են լռեցնել՝ նախքան 2028 թվականի նախագահական ընտրությունները։