ԿԲ-ից վստահեցնում են՝ հետևում են շուկայում կատարվող իրադարձություններին

Ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում ՌԴ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետևանքները զգացվում են նաև հայաստանյան ֆինանսական շուկայում: Կենտրոնական բանկից, սակայն, վստահեցնում են՝ հետևում են շուկայի զարգացումներին:

«Կենտրոնական բանկը հետևում է շուկայում կատարվող իրադարձություններին: Մենք ունենք բոլոր գործիքները, որ մեր մանդատի համաձայն՝ ապահովենք մեր գործառույթների իրականացումը՝ գների ու ֆինանսական կայունությունը»,-«Մեդիալաբին» փոխանցեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ռուսական ռուբլու փոխարժեքը Հայաստանում գրեթե 50 տոկոսով նվազել է. Կենտրոնական բանկի սահմանած միջին փոխարժեքը 4.79 դրամ է, բանկերում ռուբլու առքը 4.7 դրամ է, իսկ վաճառքը՝ 5.7:

Հայաստանի ֆինանսական շուկայում, ԿԲ մամուլի ծառայության փոխանցմամբ, կատարվում է այն, ինչ աշխարհում. «Եթե ռուսական ռուբլու փոխարժեքը Ռուսաստանում չնվազեր, այստեղ չէր փոխանցվի այդ ամենը: Մարդիկ գնում և փոխանակում են իրենց ռուբլիները, ինչը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Այս պահին, կապված հայտնի իրադարձությունների հետ, կան անորոշություններ, սպասումներ, որոնց շուկան արձագանքում է: Հայաստանում գործում է ազատ լողացող փոխարժեքի ռեժիմ, այսինքն՝ շուկան է որոշում տվյալ արտարժույթի գինը: Բնական է՝ այս իրադարձություններից ելնելով՝ փոխարժեքը փոխվել է, նվազել»:

MediaLab.am