Խաղից դուրս. Հայ կանանց թույլ չեն տալիս մուտք գործել քաղաքականություն

Խաղից դուրս. Հայ կանանց թույլ չեն տալիս մուտք գործել քաղաքականություն
Խաղից դուրս. Հայ կանանց թույլ չեն տալիս մուտք գործել քաղաքականություն

Մասնագետները կարծում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում նախընտրելի կլիներ գենդերային քվոտաների մեխանիզմը, որը գործում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կանանց մասնակցությունը փորձագետները համարում են ոչ բավարար, չնայած բավականին մեծ թվով կանայք են առաջադրվել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի պաշտոնների համար:
ՏԻՄ ընտրություններն անցկացվել են երկրի 535 համայնքներում, որոնցից 397-ում համայնքի ղեկավարի, իսկ 454-ում ավագանու խորհրդի ընտրություններ են ընթացել: 5201 գրանցված թեկնածուններից 412-ը ինքնաբացարկ էին հայտարարել, ինչի հետեւանքով էլ նվազել էր ցուցակներում կանանց թիվը: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարից հրաժարվել էր կանանց 35 տոկոսը, իսկ ավագանու խորհրդի տեղերից՝ վեց տոկոսը: Համայնքի ղեկավարի համար պայքարող թեկնածուններից միայն հինգ տոկոսն էին կանայք, ավագանիում առաջադրվածների`10%-ը: Ավագանու անդամի ընտրություններ տեղի են ունեցել 15 համայնքներում: Առաջադրված 136 թեկնածուներից 19-ը կանայք էին, որոնցից 10-ն ընտրվել են ավագանու անդամ:

«Թեկնածուների մասնակցության իմաստով թվերը գրեթե նույնն են. չնչին շեղումներ կան`շուրջ տասնյակ թեկնածուների տարբերությամբ: Բայց կանանց ակտիվության առումով ունենք նկատելի ակտիվություն »,- հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ ժամանակացույցի՝ ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաեւ սեպտեմբերի 23-ին: Առաջադրված թեկնածուների թվում կանանց համամասնությունը գրեթե նույնն էր, ինչ սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեւիցե կին-քաղաքապետ չենք ունեցել, եւ 866 գյուղական համայնքներից էլ միայն 24-ն են կանայք ղեկավարում:

«ՊրոՄեդիաԳենդեր» ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանը ասում է, որ կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ի համար ՏԻՄ-երի գենդերային քվոտավորումն առաջնային հարց է: Անգամ առաջարկել էին, որ այն տեղ գտներ «Կանանց իրավունքների եւ հնարավորությունների ապահովման» մասին օրինագծում, որն առաջին ընթերցմամբ ԱԺ ընդունել է այս տարվա հունվարին, սակայն ապարդյուն:

«Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրով ՀՀ կառավարությունը պարտավորվել էր, որ մինչեւ 2015 թվականը ՏԻՄ-երի ղեկավարների 10 տոկոսը պետք է կանայք լինեին, մինչդեռ այսօր ապահովել են ընդամենը 2 տոկոսը: Արդեն իսկ տեսանելի է, որ դա անհնար կլինի սահմանված ժամկետում», – ասում է նա:

«Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները թույլ տվեցին, որպեսզի կանանց գենդերային քվոտան խորհրդարանում դառնա 20 տոկոս`նախկին 15 տոկոսի փոխարեն: ՏԻՄ-ում մենք չունենք նման օրենք, որը կպարտադրի գենդերային քվոտա ունենալ: Այս դեպքում մնում է, որպեսզի շահագրգռված լինեն կուսակցությունները, որոնց կողմից էլ եւ առաջադրվում են ՏԻՄ-երի համայնքների ու ավագանու անդամների թեկնածուները, ինչն էլ դեռեւս կարելի է թույլ մեխանիզմ համարել», – Թ. Հովնաթանյանը:

Սակայն իրականում, խորհրդարանական ընտրություններին գործող գենդերային քվոտան թույլ չտվեց ապահովել կանանց համապատասխան ներկայացվածությունն օրենսդիր մարմնում (տե՛ս «Կանայք անհաջողության մատնվեցին խորհրդարանական ընտրություններին» հոդվածը):

Հայաստանի հյուսիսային Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավագանիում երբեք կանայք չեն եղել: Այս ընտրություններում ավագանու 21 տեղի համար պայքարում էին 71 թեկնածուներ, որոնցից յոթը կին էին: Այս անգամ էլ նրանցից ոչ ոք չընտրվեց:

Նրանցից անհատ ձեռներեց Կարինե Մկրտչյանը, որը նաեւ «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ է, հավաքելով 140 ձայն, դուրս է մնացել նոր ձեւավորված ավագանու կազմից:

«Ես ինձ նվաստացած եմ զգում, չէի պատկերացնում այդքան ցածր վարկանիշ: Մարդկանց տնտեսական կախվածությունը թույլ չի տալիս, որպեսզի կարողանան ինքնուրույն որոշումներ կայացնել: Քաղաքի մի թաղում անասուն են մորթել եւ 1կգ-ի չափով բաժանել յուրաքանչյուր ընտրողի, մյուսում լիցքավորել են հեռախոսները, 1000-ական դրամներ բաժանել: Բայց մեկ է, չենք հանձնվելու, պետք է հասկանանք՝ ինչպես այս ամենի դեմը պետք է առնել», – ասում է նա:

Հայաստանի հարավային հատվածում`Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ավագանու 15 տեղերի համար պայքարող 24 տղամարդ թեկնածուներից միակ կինը` Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»-ի հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն է. ընտրությունների արդյունքում հավաքելով 201 ձայն՝ նա հայտնվել է 14-րդ հորիզոնականում: Նա նշում է, որ եթե անգամ ՏԻՄ-ում գենդերային քվոտավորում ներմուծվի, շատ քիչ բան կփոխվի, քանի դեռ կանայք իրենք պատրաստ չեն մտնել քաղաքականություն:

«Տղամարդիկ իրականում մեզ չեն խանգարում:Շատ կարեւոր է, թե կինը որքանով է պատրաստ, որքանով կարող է ներկայացուցչական լինել, մշակել սեփական ուղերձներն ու տեղ հասցնել մարդկանց իր ասելիքը: Արհեստական պարտադրանքը մեզ ոչինչ չի տա: Սա մեծ աշխատանքն է` բարձրացնել կանանց քաղաքացիական ակտիվությունը եւ նրանց պատրաստել քաղաքական կյանքին, նման աջակցության կարիք մեր կանայք ունեն», – ասում է Տոռոզյանը:

Հայաստանի բնակչության 52 տոկոսը կանայք են: Բարձրագույն կրթություն ունեցողերի 60 տոկոսը նույնպես կանայք են, սակայն որոշումներ կայացնելու մակարդակում նրանց հաշվի չեն առնում:

Կարինե Մկրտչյանը ասում է, որ կանայք սովորաբար չեն ունենում ֆինանսական ռեսուրսներ, անշարժ գույք: Թանկարժեք զարդերն էլ գրավ դնելու կամ վաճառելու համար պետք է ունենան տան տղամարդու թույլտվությունը:

«Կանանց ներկայացվածությամբ շատ բան կփոխվի`հավասարակշռություն կմտնի, որոշումները չեն կայացվի խնջույքների սեղանների շուրջ: Կլինեն առողջ դեբատներ ու քննարկումներ: Սակայն ամենակարեւորն այն է, որ կանայք կարողանան կոտրել կարծրատիպերը սեփական ընտանիքում եւ հետո նոր մուտք գործեն հասարակական քաղաքական կյանք», – ասում է Մկրտչյանը եւ ավելացնում, որ Գյումրիի ընտանիքներում կանանց խոսքի իրավունք տրվում է միայն 40-ից հետո:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանն էլ նշում է, որ ավագանու թեկնածության ցուցակներում ընդգրկված կանայք հիմնականում առողջապահության կամ կրթության ոլորտներում աշխատող կանայք են, որոնց գրեթե բոլորը ճանաչում են: Նա կարծում է, որ այս առումով կանայք պատնեշ կոտրելու խնդիր չունեն: Խնդիր ունի հասարակությունը, որը չի վստահում կանանց:

«Ինչո՞ւ անգրագետ տղամարդը կարող է լինել, իսկ գրագետ կինը՝ ոչ:Կանայք պատասխանատու են եւ շատ բան ունեն անելու ՏԻՄ-ում: Եթե տղամարդիկ վեր են բարձրացնում գլոբալ խնդիրներ, ապա կանայք տեսնում են սոցիալական այն մանրուքները, որոնք մեր կյանքի մասն են կազմում»,-ասում է Զաքարյանը:

Գայանե Մկրտչյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից: www.iwpr.net