Արցախում նվազել են կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանները

Արցախում փետրվարի 10-ին իրականացված 42 թեստավորման արդյունքում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանպետ Օֆելյա Հարությունյանը՝ հավելելով, որ հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպքերը  նվազել են,  եզակի դեպքեր են գրանցվում:

«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կոնտակտավորների նկատմամբ  իրականացվում են  հետազոտություններ, իսկ վարակի օջախներում կատարվում են  ախտահանման աշխատանքներ: Կորոնավիրուսային հիվանդությամբ փետրվարի 11-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 8  վարակակիր, իսկ թեթև ձևերը՝ բժիշկների նշանակմամբ,  ամբուլատոր  բուժում են ստանում տնային պայմաններում:  Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2488 քաղաքացու հետազոտություն, որից դրական է արձանագրվել 485 թեստի պատասխան։

Ներկայումս համաճարակային իրավիճակն Արցախում լարված չէ և վերահսկելի է: Շարունակվում են իրականացվել հակահամաճարակային բոլոր միջոցառումները»,- մանրամասնեց Հարությունյանը՝ հորդորելով քաղաքացիներին  պահպանել Արցախի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող ցուցումները՝  կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար: