Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։
Նա ներկայացրել է լուսանկարիչ Ռեզա Դեգաթիի՝ Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին գիրքը՝ նշելով, որ լուսանկարների միջոցով միջազգային հանրությանը հասնում է հազարավոր ընտանիքների ցավը։ Հաջիևի խոսքով՝ ներկայումս անհետ կորած է համարվում Ադրբեջանի 4010 քաղաքացի։
Հաջիևը կարևորել է նաև 2020-2023 թվականներին շփման նախկին գծի երկայնքով տեղադրված ականների քարտեզների տրամադրումը։ Նրա պնդմամբ՝ ավելի քան 440 կմ երկարությամբ և 2 կմ-ից ավելի խորությամբ տարածքում տեղադրված ականները շարունակում են խաղաղ բնակիչների մահվան և վիրավորվելու պատճառ դառնալ։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ տեղեկությունների փոխանակումը կարող է նպաստել վստահության ամրապնդմանը, անցումային արդարադատության ապահովմանն ու տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ «Ընտանիքներն արժանի են իմանալու իրենց հարազատների ճակատագիրը»,- գրել է նա։
Հոկտեմբերին Reuters-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել է անհետ կորածների հարցով համագործակցության ակտիվացումը՝ ընդգծելով, որ խնդիրը կարող է լուծվել համատեղ աշխատանքի միջոցով։ Reuters-ի փոխանցմամբ՝ Հայաստանը 2026 թվականի հունվարին Ադրբեջանին էր փոխանցել 50 անհետ կորած հայերի ԴՆԹ նմուշներ։
Հայկական կողմի տվյալներով՝ ղարաբաղյան երկու պատերազմների հետևանքով անհայտ կորած է մնում ավելի քան 1000 մարդ։
Այսօր լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Բաքուն անհայտ կորածների հարցով աշխատանքային նախագիծ է ներկայացրել, իսկ Երևանն առաջիկայում կներկայացնի իր առաջարկներն ու մոտեցումները։



















