Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը հարցաքննվել է, ցուցմունք տվել և մատնանշել դեպքի վայրն ու հանգամանքները։ Պողոսյանը հրաժարվել է հրապարակել ցուցմունքների բովանդակությունը՝ հղում անելով նախաքննական գաղտնիքին։

«Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք»,- ասել է ՔԿ նախագահը։

Պողոսյանի ներկայացմամբ՝ զինծառայողը մոլորվելու հետևանքով հայտնվել է բնակավայրում, կոտրել տան պատուհանը, ներս մտել, սնունդ պատրաստել և փոխել հագուստը։ Հետագայում նա երեխաներից վերցրել է հեռախոսը և մի քանի ժամ պահել նրանց՝ առանց վնասելու։

Միաժամանակ ՔԿ նախագահը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, գողության և պետական սահմանն ապօրինի հատելու համար։

Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ առաջիկա օրերին Ազգային ժողովում փակ հանդիպում է նախատեսվում։