Ինչու «Ծնողական փառքի մեդալ» ստացած ծնողները դեռ չեն ստանում 100 հազարական դրամները․ Աննա Մկրտչյանի հայտարարության հետքերով․ FIP.am

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Ծնողական փառքի մեդալ» ստացած ծնողներին մինչ օրս չի վճարվել խոստացված 100 հազարական դրամները։

«2019 թ. դեկտեմբերից հայտարարությունը, որ պետք է 100 հազար դրամ ամսական գումար վճարվեր բազմազավակ ընտանիքներին և «Ծնողական փառքի մեդալ» ստացած ծնողներին՝ իրենց կարիքները հոգալու համար, ըստ էության, ուղղակի եղել է հերթական սուտն ու կեղծիքը, որովհետև 2020 թ. ապրիլի 16-ին «ՀՀ պետական պարգևների և պատվո կոչումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարվել են ,սակայն այս հարցը շրջանցվել է»,- հայտարարեց Մկրտչյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե ի՞նչ օրենքի մասին է խոսքը, և արդյո՞ք Աննա Մկրտչյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։

Նախագծի նախապատմությունը

«Ծնողական փառքի մեդալը» «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանված մեդալ է, որը շնորհվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:

Ըստ այդմ, մինչ օրս «Ծնողական փառքի մեդալի» են արժանացել 9 ծնող։

Այս ծնողներին խրախուսելու նպատակով որոշվել էր յուրաքանչյուրին ամսական վճարել 40 հազարական դրամ, սակայն 2020 թ․ ապրիլի 3-ին Ազգային ժողովում առաջին ընթերցման ժամանակ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեց, որ 40 հազար դրամը բավարար չէ և պետք է ավելացնել։ Խոսքը ամենամսյա պատվովճարը 100 հազար դրամ դարձնելու մասին էր։

Սակայն 2020 թ. ապրիլի 16-ին Ազգային ժողովը լրացումներ կատարեց «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում, որով սահմանեց, որ «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված անձանց պետք է տրվի ամենամսյա պատվովճար, իսկ դրա չափն ու կարգը պետք է սահմանի կառավարությունը։

Օրենքի ընդունումից ավելի քան մեկ տարի անց՝ այս տարվա մայիսին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված անձանց ամսական պատվովճարի չափը սահմանել 100 հազար դրամ՝ յուրաքանչյուր ընտանիքի համար:

Նախագծի քննարկումն ավարտվել է և ըստ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի (e-draft.am)` հունիս ամսից մինչ օրս գտնվում է լրամշակման փուլում։

Ինչու՞ է ուշանում նախագիծը

Նախագծի հեղինակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Փաստերի ստուգման հարթակին» ի պատասխան հայտնեցին, որ կառավարության համապատասխան որոշման ուշացումը պայմանավորված է ընտանիքների պարգևատրման չափորոշիչների հստակեցման հետ։

«Ուշացման հիմնական պատճառն այն է, որ ընտանիքների պարգևատրման չափորոշիչներն ավելի են հստակեցվում, դրանք առավել չափելի դարձնելու նպատակով»,- հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ խոսքը ոչ միայն «Ծնողական փառքի մեդալի» արժանացած, այլև բազմազավակ ընտանիքների խրախուսման կարգավորման մասին է, և կառավարության նախատեսվող որոշումով սահմանվելու են ոչ միայն «Ծնողական փառքի մեդալի» արժանացած ընտանիքների, այլ նաև բազմազավակ այլ ընտանիքների պարգևատրման չափն ու կարգը։

Այսպիսով, փաստենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարությունն այն մասին, որ «Ծնողական փառքի մեդալի» արժանացած ընտանիքներին մինչ օրս չեն տվել խոստացված ամսական պատվովճարները, ճիշտ է։ Մոտ 1․5 տարի առաջ ընդունված օրենքի փոփոխությունից հետո մինչ օրս կառավարությունը չի սահմանել «Ծնողական փառքի մեդալի» արժանացած ընտանիքների պատվովճարի չափն ու կարգը։

Փաստերի ստուգման հարթակ