«Հոկտեմբերի 15-ին ամուսնուս ծնունդն էր ու մեր ամուսնության չորրորդ տարին, հենց այդ օրն էլ զոհվել է»․ Աննա Բարսեղյանն ասում է, որ մինչև պատերազմն ամենաերջանիկն էր

Ամուսնու զոհվելուց հետո 27-ամյա Աննա Բարսեղյանի համար կյանքը դատարկվել է ու անգույն դարձել։

Աննայի ամուսինը՝ զինվորական սպա, 29-ամյա Արթուր Նիկողոսյանը, զոհվել է Ջաբրայիլում հայրենիքը պաշտպանելիս։

Աննա Բարսեղյանը հուզմունքով ասում է, որ մինչ պատերազմը աշխարհի երջանիկներից մեկն էր, իսկ պատերազմից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։

Աննան ամուսնու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 15-ին՝ ամուսնու ծննդյան և իրենց ամուսնության չորրորդ տարեդարձի օրը: Ցավով նշում է, որ նույն օրն էլ ամուսինը զոհվել է: 

«Հենց հոկտեմբերի 15-ին ամուսնուս ծնունդն էր ու մեր ամուսնության չորրորդ տարին: Առավոտյան իր ծնողների հետ ա խոսել, քույրիկների հետ, հետո կեսօրին՝ իմ հետ ու տղայիս: Զանգեցինք, ծնունդը շնորհավորեցինք։ Էդ օրվա խոսակցությունը ուրիշ էր, ինքը մի տեսակ դրական տրամադրություն ուներ, 5-10 րոպե խոսեցինք, ոչ մի անգամ էդքան երկար չէինք խոսել։ 5-ն անց կեսի կողմերը իր հետ խոսել եմ, ժամը 7-8-ի կողմերը էդ դեպքը եղել ա, այդ օրն էլ զոհվել է»,- պատմում է կինը։

Կնոջ խոսքով՝ Արթուր Նիկողոսյանը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ասում է՝ մինչ այսօր էլ չի հավատում, որ ամուսինն այլևս չկա:

«15-ի երեկոյան որ զանգում էի, զանգերը գնում էին, չէր պատասխանում, մտածեցի՝ դե, երևի հարմար չի, SMS գրեցի՝ հարմար լինի, զանգի, որ ժամին կլինի՝ թեկուզ գիշերը։ Բայց արդեն դեպքը եղել էր, ես՝ բանից անտեղյակ: Առավոտյան զանգեցի, էլի չէր պատասխանում, իրա ծնողները զանգեցին, էլի չէր պատասխանում: Խառնվեցինք իրար, զանգեցինք ընկերներին, ընկերների կանանց։ Հոկտեմբերի 16-ի կեսօրին ասեցին՝ վիրավոր ա, ման ենք գալիս հոսպիտալներում: Զանգում եմ հոսպիտալներ, էդ անուն, ազգանունով մարդ չկա… Արդեն իրա ընկերներն ու ընկերների կանայք գիտեին, բայց չէին ասում»,- ցավով հիշում է Աննան։

Ասում է, որ արդեն սկսում էր գլխի ընկնել եղելության մասին, ամեն ինչ ավելի պարզ է դառնում, երբ հարազատներն ու բարեկամները գալիս, հավաքվում են իրենց տանը:

«Ամսի 16-ի երեկոյան ամուսնուս հարազատները սկսեցին մեր տուն գալ: Ասեցի՝ ինչի՞ եք եկել, ինչի՞ եք հավաքվել, թե բան կա՝ ասեք: Բա չէ՝ վիրավոր ա, հոսպիտալներում ման ենք գալիս։ Հետո գիշերը ամուսնուս եղբայրը եկավ, լացելով մտավ տուն, արդեն պարզ դարձավ ինչ ա կատարվել։

Բայց չէինք ուզում հավատալ, չէինք պատկերացնում, որ կարող ա տենց բան լինի»,- հուզմունքով ասում է կինը:

Աննան նշում է, որ այդ պահից կյանքում ամեն ինչ կորցրել է իմաստը:

«Աննկարագրելի զգացողություն էր, մտածում էի՝ կարող ա շփոթմունք է, հետո դատարկություն եղավ, ոնց որ ամեն ինչ իմ համար անգույն դարձավ, մինչև հիմա էլ արդեն ապրելու իմաստ ոնց որ չտեսնեմ, ամեն ինչ անիմաստ ու անհետաքրքիր ա դարձել, կապրեմ, թե չեմ ապրի՝ արդեն միևնույն ա իմ համար»,- ասում է Աննան։

Կինը կարոտով է այժմ ապրում, ասում է՝ հիշում է ամուսնու հետ անցկացրած ամեն վայրկյանը։ Նշում է, որ ամուսինն աշխատանքում շատ կարգապահ էր, ընտանիքում՝ հոգատար հայր ու սիրող ամուսին:

«Ինքը շատ ճշտապահ էր, լավ տանկիստ էր, իր ընկերներն էին ասում նաև, կարգապահ էր շատ, ընտանիքում շատ հոգատար էր, սիրող, հոգատար ընկեր։ 

Ամեն վայրկյան կարոտում եմ, հիշում եմ նույնիսկ էն պահերը, որ ինքը չաստում էր, ու սպասում էի իրա տուն գալուն, որ գիտեի գալու ա, երեխեքի հետ խաղա։ Կարոտում եմ ընտանեկան երեկոները, մեքենայով իրա հետ տեղ գնալը…»- խոսքը չի կարողանում ավարտել կինը:

Աննան ընդգծում է, չնայած հաճախ է լինում, որ ապրելու ցանկություն չի ունենում, բայց հանուն երեխաների իրեն հավաքում է և փորձում առաջ նայել։ Երեխաների հետ զբաղվելիս փորձում է սփոփանք գտնել:

«Որ լինում ա, ասում եմ՝ չեմ ուզում ապրեմ, հետո մտածում եմ՝ բա երեխե՞քը։ Հանուն երեխեքի պետք ա ապրենք, ոտի կանգնենք, աշխատենք, երեխեքին հասցնենք իրենց նպատակին, արդեն ապրում ենք հանուն երեխաների»,- մտահոգ ընդգծում է Աննան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am