Այս թռչուններն այնքան հին են, որքան դինոզավրերը․ մանգաղաթևերի մասին

«ԱրԱվես» ՀԿ-ն «Գարնանն ընդառաջ» ծրագրի շրջանակներում շարունակում է հետաքրքիր տեղեկատվություն ներկայացնել գարնան խորհրդանիշ համարվող թռչունների մասին։ Այս անգամ պատմենք բացառիկ հատկություններ ունեցող մանգաղաթևերի մասին և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ մանգաղաթևերը թռչունների հնագույն խմբերից են։

Գիտե՞ք, որ նրանք այնքան հին են, որքան դինոզավրերը։ Նրանք ամենաարագ թռչուններից են աշխարհում և կարող են մինչև 110 կմ/ժ արագություն զարգացնել։ Հետաքրքրական է, որ աշխարհագրական տեղանքով  պայմանավորված թռչունների չափերն ու գունավորումը փոփոխվում է․ չոր և շոգ տեղանքներում նրանք առավել բաց գունավորում ունեն և ավելի փոքր են չափերով, քան ցուրտ և խոնավ տարածքներում։

Ի դեպ, այս արագ թռչուններն արդեն վերադարձել են։ Նկարե՛ք նրանց, եթե կարող եք, այցելեք www.springalive.net և ավելացրեք դիտարկում։

Հիշեցնենք, որ ծրագրով ընտրված «գարնան ավետաբերներն» են՝ սպիտակ արագիլ, գյուղական ծիծեռնակ, սև մանգաղաթև, սովորական կկու, փողկապավոր քարադր, առափնյա ծիծեռնակ, ոսկեգույն մեղվակեր։ Սրանք այն ընտրված տեսակներն են, որոնք ունեն պահպանության կարիք։

Ի դեպ, «Գարնանն ընդառաջ» միջազգային ծրագրի շրջանակներում «ԱրԱվես» ՀԿ-ն հետաքրքիր մրցույթ է պատրաստել ուսուցիչների և նրանց աշակերտների համար։ Մասնակիցները խրախուսվում են անցկացնել յուրաքանչյուր նախընտրելի ձևաչափով դասընթաց կամ որևէ միջոցառում աշակերտների մասնակցությամբ «Գարնանն ընդառաջի» թեմայով՝ «ինչպե՞ս պաշտպանել թռչունների բները»։ Նշենք, որ մրցույթը միջազգային է և մասնակիցները հնարավորություն ունեն ցուցադրելու լավագույն արդյունքները տարբեր երկրների ներկայացուցիչների շարքում։ Պետք է պարզապես անցնել հղումով, լրացնել ձևաթուղթը և մասնակցել / http://www.springalive.net/world/contest

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)