Օգոստոսի 21-ին, ժամը 03:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի մոտակայքում «VAZ 2106» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 2003 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «MAN» մակնիշի ավտոքարշակին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Ա․-ին (ծնված 1998 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
Փրկարարները «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները ուղևորի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ վարորդինը՝ ծանր:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենայում եղել են երկու խոշոր եղջերավոր կենդանի, որոնցից մեկին դուրս են բերել փրկարարները։