Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից ներկայացնում են նրա հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ

Դուք մշտապես հայտարարել եք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Կուսակցական վերջին համագումարում ասացիք, որ Արցախը միշտ լինելու է հայկական, և իշխող ուժը փորձեց խոսքային տարբերություն որսալ Ձեր այդ ասածի մեջ:

– Բայց դրա տարբերությունը ո՞րն է: Այսինքն, ի՞նչ է նշանակում զուտ հայկական, կարող եք ինձ ասել:

Ադրբեջանի կազմում չի կարող լինել հայկական Արցախ:

– Իհարկե, ոչ: Եվ միգուցե մի քիչ առաջ եմ ընկնում` պատասխանելով Ձեր չհնչեցրած հարցերին, այդ թվում նաև իր այսպես կոչված փաստարկներին, որ, եթե այնտեղ ընտրություններ լինեին, ադրբեջանցիներ էլ կընտրվեին, հետո՞: Մենք, ի՞նչ է, ֆաշի՞ստ ենք: Մենք ռասի՞ստ ենք, որ ասենք Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է: Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է: Եվ իմ ասածը նաև, իհարկե, մեսիջ է միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները, նույնիսկ կործանարար պատերազմից հետո, էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին:

Բայց շատ վաղուց արդեն չեն խոսել:
– Շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա: Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին: